Աշոտ Փաշինյան

Ինչու է Փաշինյանի որդին Արցախն ընտրել. վարչապետի որդու հարցազրույցը` բանակ մեկնելուց առաջ

649
(Թարմացված է 13:27 09.07.2018)
Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտն արդեն կենտրոնական հավաքակայանում է և սպասում է Արցախ մեկնելուն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտի համար կարևորը երկրի խաղաղությունն է, որին հասնելու համար ինքն էլ կարող է իր լուման ունենալ։ Այսօր` հուլիսի 9-ին, Հայաստանի զինվորական կենտրոնական հավաքակայանում նա պատասխանեց լրագրողների հարցերին։ «Արագ պատասխանեմ, գնամ, որ հասցնեմ բանակ գնալ, հա՞»,- ժպտալով ասաց նա։

Աշոտը նախապես դիմում է գրել Արցախ մեկնելու համար, բայց միայն վիճակահանությունից հետո պարզ կդառնա, թե կոնկրետ որտեղ կանցնի ծառայությունը։

Ներկայացնում ենք լրագրողների և Աշոտի հարցուպատասխանը:

- Առաջնագի՞ծ ես ուզում գնալ։

— Եթե որոշեն, որ առաջնագծում կարող եմ օգուտ տալ, ուրեմն այնտեղ էլ կգնամ։

- Իսկ ո՞րն է այդ օգուտը` ըստ քեզ։

— Բանակի հզորացումը մեր նպատակն է, որի նպատակն էլ մեր երկրի խաղաղությունն է։

- Առավոտյան տնից դուրս գալիս ի՞նչ խորհուրդներ է տվել վարչապետ Փաշինյանը։

— Անձնական է, չեմ հրապարակի։

- Ինչո՞ւ հենց Արցախ։

— Որովհետև կոնֆլիկտը հենց Արցախի շուրջն է։ Ուզում եմ այնտեղ լինել և այս հարցում աջակցել հայկական կողմին։

- Պաշտոնյաների որդիներից շատերը չեն գնացել ծառայելու։ Քո այս քայլից հետո ինչ-որ բան կփոխվի՞ նրանց մտածողության մեջ։

— Ես կարծում եմ, որ դա այնքան էլ մտածողության խնդիր չէ։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և ոմանք փորձել են շրջանցել այն։

- Մայրդ ինչպե՞ս է արտահայտում զգացմունքները։

— Ինչպես բոլոր մայրերը։ Բառերով չեմ կարող բացատրել։ Տխրություն կա, բայց հասկանալի է պատճառը։ 18 տարի բոլորս պատրաստ ենք եղել, որ այս օրը գալու է։

- Ովքե՞ր են գալու քեզ ճանապարհելու։

— Պատկերացում չունեմ։

Աշոտ Փաշինյանը նշեց, որ բանակային ծառայության վերաբերյալ որևէ մտահոգություն չունի։ «Սիրած աղջկա չկա՞» հարցին էլ պատասխանեց` ոչ։

Նա ընդգծեց, որ գերադասում է 18 տարեկանում գնալ բանակ, քան հետո։

Վարչապետի որդին Էստոնիայի Տարտուի համալսարանում է սովորում։ Նա կիսատ է թողել ուսումը` հայրենիքի հանդեպ պարտականությունը կատարելու համար։ Վստահ չէ, որ հետո այդ մասնագիտությամբ էլ կշարունակի, բայց վստահ է, որ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում է աշխատելու։

Նա նշեց, որ հիանալի տրամադրությամբ է մեկնում ծառայության։

649
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրը սկսեց Ջորկաեֆի հետ հանդիպումով. լուսանկար
Հանրահայտ երգչուհին ու Փաշինյանի կինը հանդիպել են. լուսանկար
Փաշինյանը լուսանկարվեց Ռոնալդոյի հետ. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը դարձավ լեգենդների խաղի գլխավոր հերոսը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը «խլեց» Նազենի Հովհաննիսյանի երկրպագուներին. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, վաղը բանակ է զորակոչվում