ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Ռուս դիվանագետները` Հայաստանում ՌԴ դեսպանի գլխավորությամբ, այցելել են Գյումրու 102-րդ ռազմակայան։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Գյումրու ռազմակայանում հյուրերին դիմավորել են ռուսական զորամիավորման հրամանատարական կազմը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Շիրակի մարզի վարչակազմի ներկայացուցիչները։
«Ռուսական ռազմակայանի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը դիվանագիտական պատվիրակությանը ծանոթացրել է ռազմակայանի ստեղծման պատմությանը, կառուցվածքին, գործունեությանը, ժամանակակից ռազմական տեխնիկային», — գրված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական ավանի զինծառայողների առօրյային և կենցաղին։ Հյուրերն այցելել են «Պատվո բլուր» և «Ռազմական փառքի» հուշահամալիրներ, զորամասի թանգարան և Ալեքսանդրա թագուհու վանք։
Հյուրերը ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել խորհրդային զինվորների և Խորհրդային Միության կրկնակի հերոս գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանների մոտ։