Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը բացատրեց` ինչու չի լքում նախարարի աթոռը

259
(Թարմացված է 13:43 21.06.2018)
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Այս հայտարարությունից քիչ անց հրապարակվեց նախարարի «բացատրական» գրառումը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ դիրքորոշումով։ Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ դիրքորոշումը մնացել է անփոփոխ:

«Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը»,- գրել է նա:

Թանդիլյանը նշել է, որ այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել է հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Նա համոզված է, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում:

Հրաժարական տալուց հետո ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իր գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը»,- գրել է Թանդիլյանը:

Նա ավելացրել է` հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացնելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

«Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից»,- նշել է նախարարը:

Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ չի պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ է ամբողջ ներուժը դնել իրեն վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ:

259
Ըստ թեմայի
«Դուխով» նախարար Մանե Թանդիլյանը պետք է խոսի և չհեռանա. Թևան Պողոսյան
Բոզոյան. «Մանե Թանդիլյանը գերակա համարեց իր դիրքորոշումը, քան նախարարի պաշտոնը»
Քոչարյան. «Ափսոսում եմ, որ Մանե Թանդիլյանի նման կադրը հրաժարական է տվել»
Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին