ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ ուժերն այս օրերին խուզարկություններ են կատարում «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տներում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում անցկացվել է լայնամասշտաբ գործողություն։ Խուզարկություններ են տեղի ունեցել ավելի քան 30 քրեական հեղինակությունների և այսպես կոչված «օրենքով գողերի» տներում», — ասաց նա։
Ահարոնյանը չպարզաբանեց, թե ինչ գործի մասին է խոսքը, չհաղորդեց ձեբակալությունների մասին, ինչպես նաև չբացահայտեց նրանց անունները, ում տներում է խուզարկություն կատարվել։
Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրներ և հայկական ԶԼՄ-ները գրում են, որ խոսքը վերաբերում է «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանին (Ժիրո Շահումյանցի), Սամվել Հարությունյանին (Մանեթի տղա Սամո), Գևորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ), Նորայր Փիլոյանին (Կոնչո), Սուրիկ Ավետիսյանին (Լենինականցի Սուրիկ), ինչպես նաև Ռաֆայել Խոյեցյանին (Աֆո), վերջինն «օրենքով գող» Ռաֆիկ Խոյեցյանի որդին է։
Հաղորդագրությունների համաձայն` խուզարկություններ են անցկացվել քրեական հեղինակություններ Արտյոմ Հարությունյանի (Արտյոմ Կանևսկի), Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույի), Արմեն Իսրայելյանի (Պիստ Արմեն), Ռադիկ Մկրտչյանի (Պրատ) և այլն։
Նրանց թիվը գերազանցում է երեք տասնյակը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


