ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Երկրապահ» կամավորների միությունը փոփոխության կարիք ունի, այլ ոչ թե կազմալուծման, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը` մեկնաբանելով ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված իրավիճակը։
Ավելի վաղ Երևանում ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Երկրապահ» Կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու մասին։
«Երբ կազմակերպությունը նոր էր ձևավորվել, ի՞նչ նպատակներ ուներ։ Հնարավոր է` դրանք ճիշտ չեն դրվել, բայց այդ ինստիտուտի գոյությունը նպատակահարմար է եղել։ Գուցե պետք է խոսել փոփոխության մասին, այլ ոչ թե վերացնելու. չվերցնեն կացինը և գլուխը կտրեն», — ասաց Պողոսյանը։
Ըստ Թևան Պողոսյանի` բոլոր համակարգերում փոփոխություններ պետք է կատարվեն և աշխատաոճը պետք է փոխվի, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցում։
«Մենք հիմա էլ ունենք անվտանգության խնդիր։ Ուրեմն պետք է այնպես կազմակերպենք, որ յուրաքանչյուր մարդ զգա, որ ինքը կամավոր է, զորավարժությունների ձևը պետք է փոխել ուրեմն, ոչ թե միայն ԵԿՄ անդամները կամավոր լինեն։ Բոլորը մտածում են. դե, երբ կռիվ կլինի, երկրապահի տղերքը կգնան, մենք ստեղ կնստենք։ Իսկ միգուցե ամեն մեկս պիտի ասենք, որ ես էլ եմ երկրապահ ու մի խումբ մարդիկի իրենց այլ կարգավիճակում չեն զգա, ընտրյալ չեն զգա ու չեն մտածի, որ ինչ ուզեն կանեն։ Գայթակղությունը շատ մեծ է»,- ասաց նա։
Պողոսյանի կարծիքով, պետք է այնպիսի համակարգ ձևավորվի, որ Մանվել Գրիգորյանի նման անձինք այլևս չձևավորվեն։ «Խնդիրը անձի մեջ չէ, այլ երևույթների»,- շեշտեց նա։
Նախագահի խորհրդականը նշեց, որ պետք է կենտրոնանալ կազմակերպության վրա դրված գործառույթների վրա. օգնել վետերաններին, դաստիարակել երիտասարդությանը և նրանց փոխանցել մարտական փառքի պատմությունը, անցկացնել ռազմական նախապատրաստություն։
Այդ ամենը պետք է առավելագույն թափանցիկ լինի։
Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» թերթին ասել էր, որ «Երկրապահը» պետք է լուծարվի և դառնա պատերազմն անցած մարդկանց ակումբ։ Նա անձամբ հրաժարվել էր միությունը գլխավորելու ազատամարտիկների առաջարկից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


