ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Եվրախորհրդարանի ներկայացուցիչները քննարկում են ԵՄ–ում ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ–ում ԵՄ–ի պատվիրակությանն առընթեր համագործակցության բաժնի ղեկավար Խոա Բին Աճեմյանը։
Նախօրեին Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Դևիդ Մակալիստերը Երևանում հայտարարեց, որ ԵՄ–ն պատրաստ է բանակցել Հայաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման մասին։ Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը Մակալիստերի գլխավորությամբ Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և այլոց հետ։
«Այցի շրջանակներում քննարկվող թեմաներից մեկը ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների համար վիզայի ազատականացման հարցն է», – ասաց Աճեմյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ԵՄ–ում գնահատել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները` Աճեմյանը նշեց, որ ԵՄ–ն միշտ ողջունում է քաղաքական գործընթացներին քաղաքացիների ներգրավվումը։
«Ողջունում ենք ժողովրդավարության խորացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու խաղաղ իշխանափոխությունը։ Սակայն մենք աջակցել ենք ՀՀ քաղաքացիներին դրանից առաջ, այսօր և ընտրություններից հետո», – ասաց Աճեմյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ժամանակավորապես ուժի մեջ է մտել հունիսի 1-ից։
Երևանի և Բրյուսելի միջև Ասոցիացիայի մասին համաձայնագրի բանակցությունները սկսվել են 2010 թվականի հուլիսին, ինչը ներառում էր նաև ազատ առևտրի գոտու ստեղծում, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին և հրաժարվեց ստորագրել այն։
2015 թվականին ԵՄ–ն և Հայաստանը բանակցություններ սկսեցին նոր համաձայնագրի շուրջ։ 2017 թվականի մարտին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել էր, իսկ նոյեմբերի 24-ին` ստորագրվել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


