ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Որևէ քաղաքական ուժ որևէ քաղաքական սխալ է թույլ տալիս, ինչին ի պատասխան ընտրողները նրան «պատժում» են՝ քվե չտալով։ Արդյոք սա այդպիսի դեպք է։ Բացահայտված հանցագործության համակարգված բնույթը, ակնհայտ իրողությունը, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց ամենաբարձր իշխանության հավանության ու թողտվության, ահա այդ և մի շարք գործոններ հաշվի առնելով, արդյո՞ք սա այն դեպքն է, երբ «Հանրապետական» կուսակցությունը կարող է բավարարվել միայն քաղաքական պատասխանատվությամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվե չստանալով ու Ազգային ժողովում չհայտնվելով։
Հարցն, իհարկե, գտնվում է նաև իրավական տիրույթում և նեղ իրավունքի հարթությունում, գուցե Հանրապետական կուսակցությունը կարող է հիմնավորել, որ տեղի ունեցածից հետո դրա լուծարման կամ գործունեության դադարեցման այլ ակտի մասին խոսելու օրինական հիմնավորումները թույլ են։ Գուցե։ Դրանք թույլ են այնքանով, որքանով քաղաքական է Հանրապետական կուսակցությունը։ Իսկ Հանրապետական կուսակցությունը, ինչպես ցույց են տալիս հեղափոխությանը հաջորդած ու դեռ հաջորդելիք իրադարձությունները, քաղաքական շղարշով պետական դավաճանության մակարդակի հանցագործություններ իրականացրածների հավաքականություն է, որում, այո, կան նաև անկեղծ, գուցե նվիրյալ մի քանի կամ մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ուղղակի առնչություն չունեն խունտայի գործունեություն հիշեցնող խմբակի արածների հետ։
Այսինքն՝ գործ ունենք, ըստ էության, շատ ավելի խոր ու մասշտաբային հանցագործության հետ, որը հնարավոր է՝ Քրեական օրենսգրքում իդենտիկ հոդվածներ չունի։ Բայց այդ հանցագործությունը բացահայտելու քաղաքական կամքի պարագայում դա հնարավոր է հիմնավորել քրեական իրավունքի բազմաթիվ հարակից հոդվածներով։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք տեղի ունեցածից հետո Հանրապետական կուսակցությունը բարոյաքաղաքական իրավունք ունի մասնակցել ընտրությունների և հավակնել ՀՀ թեկուզ մեկ քաղաքացու քվեի։ Սա չափազանց կարևոր, չափազանց նուրբ, բայց կարևոր հարցադրում է, որի պատասխաններն առաջին հերթին գտնվում են քաղաքական հարթությունում։
Նույնքան կարևոր է նաև հարցը՝ ում իր հետ կամ իր հետևից կտանի Մանվել Գրիգորյանը։ Ու նույնքան կարևոր է նաև՝ այդ անունները կլինեն միայն բուն հանցագործությունը կատարածների՞ անուններ, թե՞ կհնչեցվեն նաև հանցագործության ինդուլգենցիա տվածների ազգանուն-հայրանունները։
Մանվել Գրիգորյանը, բնականաբար, շատ անուններ գիտի ու շատ անունների է տիրապետում։ Եվ Ազգային ժողով չներկայանու մասին հայտարարության տողատակում դա ակնարկել է։ Նա, ըստ ամենայնի, քննության ընթացքում խոսելու է՝ հետևելով քաղաքական զարգացումներին ու իր հարազատ խմբակցության պահվածքին»:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


