ԱԱԾ

Ձերբակալվեցին Դավթաշենի թաղապետի տեղակալն ու «Երևան» հիմնադրամի տնօրենը

330
ԱԱԾ-ն ձերբակալել է «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձերբակալել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանին ու «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին:

Երկու քաղաքացիների ձերբակալման լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ:

 

 

330