Մոնթե Մելքոնյան

Մարդասեր և հեռատես. Մոնթեն, որը կարող էր փոխել այսօրվա Հայաստանը

143
(Թարմացված է 16:13 12.06.2018)
Խստությամբ և կոշտությամբ հանդերձ, Մոնթեն ապշեցնում էր իր բարությամբ։ Նա երազում էր ամենաարդար Հայաստանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Մոնթե Մելքոնյանի նման մարդը կարող էր փոխել ներկա Հայաստանը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նրա մարտական ընկեր Ալեք Ենիգոմշյանը։

Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993թ–ի հունիսի 12–ին։

«Մեզ համար նա մինչև հիմա հրամանատար է և այդպես էլ կմնա։ Եվ ոչ միայն մեզ համար։ Նա մեր ազատագրական շարժման խորհրդանիշներից է։ Հավանաբար, նա ինքն էլ կզարմանար, որ մենք հիշում ենք նրան իր ծննդյան և մահվան օրերին։ Նա իր լույսով ողողում էր մյուսներին, և նրանք քայլում էին նրա կողքով», – ասում է Ենիգոմշյանը։

Մոնթեն խիստ էր զինվորների հանդեպ և չէր հանդուրժում ոմանց ինքնահաստատումը և գերազանցությունը մյուսների նկատմամբ։ Ենիգոմշյանի խոսքով` եթե Մոնթեն նման բան էր տեսնում, արմատախիլ էր անում։

«Որովհետև նա մտածում էր պատերազմից հետոյի կյանքի մասին։ Մտածում էր այն մասին, թե ինչպես են ապրելու մարդիկ», – հավելեց Ենիգոմշյանը։

Մոնթեն զարմացնում էր ընկերներին իր մարդկայնությամբ։ Նա շատ խիստ էր առաջին հերթին իր նկատմամբ, հիշում է նրա մարտական ընկերը։

Սակայն չի կարելի ընդունել նրան միայն որպես պատերազմի մարդ։ Նա չէր եկել Արցախ սպանելու, պնդում է Ենիգոմշյանը։

«Մի անգամ մեզ մոտ գերի էր ընկել ադրբեջանցի զինվոր։ Մոնթեն հրամայեց նրան տեղափոխել հիվանդանոց։ Ու ասում էր մեզ` նա շատ արյուն է կորցրել։ Ո՞վ է համաձայն տալ իր արյունը։ Զինվորներն իրար են նայում, չեն հասկանում` ինչու է Մոնթեն դա ասում։ Նա այդ ժամանակ տվեց իր արյունը։ Նա մարդ էր։ Նրա մեջ կենդանական դաժանություն չկար, նույնիսկ թշնամիների նկատմամբ», – հիշում է Ենիգոմշյանը։

Մոնթեն ուզում էր, որ Հայաստանն ամենաարդար երկիր լինի։ Դա լավ դաս է նրանց համար, ովքեր հիմա ապրում են, հավելեց արցախյան պատերազմի վետերանը։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ–ին Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում։ Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժնում։

Մոնթեն անփոխարինելի դեր է կատարել հայկական ինքնապաշտպանական ուժերը կազմակեպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում: Նա վստահ էր, որ առանց կռվելու ոչնչի չես հասնի ոչ մարտի դաշտում, ոչ էլ թիկունքում: Նույնը սովորեցնում էր նաև իր զինվորներին:

1993 թվականի հունիս 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի նրանց առջև հայտնվեց հակառակորդի զրահամեքենան: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակված հրթիռի բեկորից Մոնթեն զոհվեց:

Այժմ ԼՂՀ Մարտունիի շրջկենտրոնը կրում է Արցախի հերոս Մոնթեի անունը` Մոնթեաբերդ, այնտեղ կանգնեցված է նաև նրա հուշարձանը։ Մոնթեի անունով է կոչվել նաև Հայաստանի ՊՆ ռազմական ուսումնարանը:

143
թեգերը:
Մոնթե Մելքոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմի և խաղաղության կշեռքին. ինչու՞ է Երևանն արագացնում բանակաշինության արդիականացումը
Հայաստանում «պատերազմի աստվածներն» ավելի դիպուկ կլինեն նոր սարքի միջոցով
Ապրիլյան պատերազմի «ճչացող լռությունը». ի՞նչ է կատարվել ճակատից այս կողմ