Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке

«Լիդիան Արմենիան» պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի. «Ժամանակ»

240
Ընկերությունը Հայաստանի իշխանություններից 2 մլրդ դոլար է պահանջելու։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է պատրաստում Լոնդոնի արբիտրաժային դատարան ներկայացնելու համար, որով պահանջելու է Հայաստանի իշխանություններին վճարել 2 մլրդ դոլար:

«Լիդիանի» հայցի հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը միլիոնավոր դոլարների վնասներ է կրում:

«Ստացվել է մի իրավիճակ, որ «Լիդիան Արմենիայի» համար ևս շահավետ է չաշխատելը, քանի որ հանքը չշահագործելով կարող է ավելի մեծ եկամուտ ստանալ, քան այն շահագործելով»,- գրում է թերթը:

Ըստ պարբերականի` միակ տուժողը լինելու է Հայաստանի հասարակությունը, որը ստիպված է լինելու երկրի տարեկան բյուջեի մոտ 70 տոկոսը կազմող գումար վճարել, և պետությունը, որը կկորցնի հուսալի գործընկերոջ վարկանիշը։

«Լիդիան Արմենիան» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ.-ից սկսած: Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին տեղակայված Ամուլսարի հանքավայրը գտնվում է Երևանից 170 կմ հարավ:

2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: 2015թ.-ին Լիդիանը հրապարակեց Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը հրապարակվեց 2016թ.-ին: 2016թ. ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունը ընթացքում է:

Լիդիան Արմենիան պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համաձայն և IFC և ՎԶԵԲ կատարողական չափանիշների և պահանջների շրջանակներում:

Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ցուցակված է Տորոնտոյի (Կանադա) Ֆոնդային բորսայում (TXS:LYD): IFC-ն և ՎԶԵԲ-ը Ընկերության ինստիտուցիոնալ բաժնետերերի շարքում են:

240