«Պոլոնեզ»

Հայ զինվորականները մեկնել են Բելառուս. ի՞նչ կապ ունի «Պոլոնեզը»

254
(Թարմացված է 15:31 11.06.2018)
Հայկական պատվիրակությունը կմասնակցի հակաօդային պաշտպանության հարցերի քննարկմանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները հունիսի 11-ից 13-ը Մինսկում կմասնակցեն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այս լուրը հետաքրքրական է մեկ այլ տեղեկության ֆոնին, ըստ որի` Բաքուն այսօր` հունիսի 11-ին, ցուցադրել է Բելառուսից գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Փաստորեն ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսը ժամանակակից զինատեսակ է մատակարարել Ադրբեջանին, որը փաստացի հակասության մեջ է Հայաստանի հետ և պարբերաբար սպառնում է ռազմական գործողություններով։

Նշենք, որ «Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Իր ռազմավարական ու մարտավարական բնութագրերով գերազանցում է ռուսական անալոգներին։ Մասնավորապես` «Սմերչ» համալիրի կրակոցների հեռավորությունը 90 կմ է, իսկ «Պոլոնեզներինը»` 50-ից 200 կիլոմետր և ավելի։

Լուրերն այն մասին, որ Մինսկն Ադրբեջանին «Պոլոնեզ» է մատակարարելու, վաղուց են շրջանառվում` դեռ այն ժամանակից, երբ Հայաստանը Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ էր ստացել։

254