Գյումրու ավագանի նսիտ

Գյումրիում առաջարկում են պատվավոր կոչումից զրկել նախկին նախագահներին ու ԱԱԾ պետին

124
Գյումրու ավագանու խմբակցություններից մեկն առաջարկում է Սարգսյանի ու Քոչարյանի անունները հանել Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Շառլ Ազնավուրի անունների կողքից։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրա եղբորը՝ Լևոն Սարգսյանին, և ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախաձեռնությամբ։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ներկայացրած դիմումում խմբակցությունն առաջարկում է հիշյալ որոշումների նախագծերն ընդգրկել ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում։

«Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը: «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը բարձր կոչում է, որը շնորհվում է այն մարդկանց, ովքեր ունեն բավարար արժանիքներ: Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում ստացել են Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը և էլի շատ շատերը: Անպատվաբեր է մեծ վաստակ ունեցող անձանց կողքին հանդուրժել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ահռելի վնաս են հասցրել մեր երկրին: Ուստի անհրաժեշտ ենք համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել Սերժ և Լևոն Սարգսյաններին, Ռոբերտ Քոչարյանին և Գորիկ Հակոբյանին՝ նրանց զրկելով Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

ԳԱԼԱ խմբակցությունը միաժամանակ կոչ է արել ավագանու մյուս խմբակցություններին ևս միանալ նախաձեռնությանն ու «կողմ» քվեարկել ներկայացված նախագծին:

124
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հայաստան