ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Գրիգոր Գրիգորյանին որևէ մեկը չի հարցաքննել, առավել ևս նա որևէ հայտարարություն չի արել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե Գրիգորյանին վերջերս հարցաքննել են, և նա կարևոր տեղեկություններ է հայտնել այդ իրադարձությունների վերաբերյալ։
«Այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա հայտնեց, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել»,- հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նշել է, որ այդ տեղեկությունը նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքն է:
Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօրվա համարում գրել է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և հայտնել, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
«Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ»,- նշված է հոդվածում:
Sputnik Արմենիան թերթի այս հրապարակման առնչությամբ զրուցել է փորձագետների հետ։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի հասցեին բավականին լուրջ մեղադրանքներ են հնչում, և անհնար է պարզապես անտեսել դրանք։
Միաժամանակ փորձագետը չի բացառում, որ Քոչարյանի հնարավոր քրեական հետապնդումը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ։ Հաշվի առնելով, որ բազում բարձրաստիճան պաշտոնյաներ կապ են ունեցել մարտի 1-ի ողբերգության հետ, պետք է աղմկահարույց քրեական գործերի սպասել։
Հայաստանի առաջին նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանն իր հերթին կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունը Հայաստանի ֆունդամենտալ խնդիրն է։ Վերջին տասը տարիներին Հայաստանի բոլոր խնդիրները մարտի 1-ի ողբերգության հետևանքն են։
«Հիմա եկել է այն պահը, երբ այդ պատմությունը պետք է լիովին բացահայտվի։ Ու խոսքը ոչ միայն մարտի 1-ի մասին է, այլև` հոկտեմբերի 27-ի ահաբեկչության։ Ճշմարտության պահը եկել է, յուրաքանչյուր մարդ պետք է իր արածի համար պատասխան տա», — ասաց Մանուչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Առաջին նախագահի նախին խորհրդականը կարծում է, որ պետության նախորդ ղեկավարներին պատասխանատվության առաջ կանգնեցնելու հարցում հիմնական դերակատարությունը պետք է կատարի հասարակությունը։
«Եթե այդ գործառույթները թողնենք միայն կառավարությանը, ապա այն օբյեկտիվ պատճառներով կաշկանդված կլինի իր գործողություններում։ Չի կարելի ամեն ինչ կառավարության ուսերին բարդել ու այն հարվածի տակ դնել, այդ թվում` դրսից հարվածի», — ասաց մեր զրուցակիցը։
Վերջիվերջո իշխանափոխությունը Հայաստանում կայացավ ժողովրդական շարժման, փողոցի ճնշման արդյունքում։ Անկախ այն բանից`իշխանափոխության արդյունքում պետական կառավարման ինչ մոդել կկառուցվի, այդ մոդելը կա՛մ ժողովուրդն է կառուցելու, կա՛մ այն ընդհանրապես չի կառուցվելու։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։



