Այս մարդկանցից յուրաքանչյուրը տասնյակ հազար կյանք է փրկել։ Իսկ հայերը գիտեն փրկիչների գինը։
«Ավրորա» մրցանակը հայերի փորձն է ցույց տալ, թե ամբողջ աշխարհի համար որքան կարևոր են բարի կամքի տեր մարդիկ։ Առանց չափազանցության այդ մարդկանցով է աշխարհը կանգուն։ Այս մասին Երևանում «Ավրորա-2018» մարդասիրական մրցանակի հավակնորդներին ներկայացնելիս ասաց ամերիկացի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր Սթիվեն Քյուրքջյանը։
«Հարյուր տարի առաջ գտնվեցին մարդիկ, որոնք թույլ չտվեցին, որ մենք մահանանք։ Տարբեր ազգերի և հավատի մարդիկ, որոնք մեզ ընդունեցին հարազատների նման։ Նրանց անգնահատելի օգնության և հոգատարության շնորհիվ մեր ժողովուրդը վերածնվեց։ Իսկ այսօր մենք ենք ուզում գտնել այդ մարդկանց և խոսել նրանց մասին»,- մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նման խոսքերով դիմեց դահլիճին` միանալով Ստեփանակերտից։

Նա Արցախ է մեկնել 2017 թվականի մրցանակի դափնեկիր, Հարավային Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինայի հետ։
«Շատ հավանեցի հայկական խոհանոցը։ Եվ իհարկե… խո-րո-վածը», — ժպտում է բժիշկը։

Հազվադեպ է պատահում, որ նրանք հեռու լինեն այն մարդկանցից, որոնց խնամում են։ Հիմա հենց այդ հազվադեպ օրերն են, բայց նույնիսկ Հայաստանում խոսում և մտածում են միայն նրանց մասին։
Այդպես են մտածում նաև այս տարվա «Ավրորայի» երեք հավակնորդները։ Նրանցից մեկը իրավաբան Չժո Լա Աունն է` Մյանմայի ռոհինջաներին պաշտպանող հերոսը։ Մի քանի անգամ նրան կալանավորել են և բանտ նետել իր ժողովրդին աջակցելու համար։

«Ուզում եմ, որ մեր համայնքի մարդիկ կարողանան կրթություն ստանալ և աշխատել, բոլորի նման։ Մենք այլ հավատ ունենք, բայց մենք ևս ուզում ենք մեր երկրում ապրել։ Հարձակումների պատճառով մենք կորցնում ենք տներն ու գույքը։ Մեզ քաղաքացիություն չեն տալիս, աշխատանքի չեն վերցնում։ Ես ուզում եմ այդ երեխաներին կրթություն տալ, որպեսզի նրանք կարողանան որևէ տեղ դիմել իրենց բողոքներով։ Իսկ հարձակումներից տուժածներին օգնություն է պետք։ Մեզանից բացի, ոչ ոք չի օգնի», — ասում է նա։
Երկրորդը Սունիտա Քրիշնանն է Հնդկաստանից։ 16 տարեկանից նա օգնում է բռնության և թրաֆիքինգի զոհ դարձած մարդկանց, խնդիր, որի վրա շատերն են աշխատում աչք փակել, ասում է նա։

Նրանք թշվառ են դառնում։ Իսկ երբ դու փորձում ես նրանց համար որևէ բան անել, քեզ այնպես են նայում, ասես խելագար լինես։ Ամբողջ Հնդկաստանում սեռական ստրկության է մատնված 2-3 մլն մարդ։ Սա միայն կառավարության գնահատականներով, իսկ դա նշանակում է, որ նրանց թիվը կարող է մինչև 20 միլիոնի հասնել։ Սկսած 3-4 տարեկանից։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են սեռական կապի մեջ մտնել նաև փոքր երեխաների հետ։
Դա կանխելու համար Սունիտայի հիմնած «Փրաջվալան» կազմակերպությունը ոչ միայն զբաղվում է տուժածների վերականգնմամբ, այլև որոշակի ռիսկի դիմելով` փնտրում է զոհերին հասարակաց տներում։
Երրորդը վանական Թոմաս Գոնսալես Կաստիլյոն է։ Մեքսիկայի հարավում նա արդեն երկար տարիներ «La 72» ապաստարանն է բացել։ Այնքան ապօրինի միգրանտներ են եղել, որոնց բռնել են Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ մեկնելու ճանապարհին և սպանել` փրկագին չստանալով։

Ամեն տարի այդ վտանգավոր ճանապարհով են անցնում հազարավոր հուսալքված մարդիկ, որոնց տներում հույս չներշնչող աղքատություն է տիրում։ Մեքսիկայի ճանապարհին նրանց տասնյակ վտանգներ են սպառնում։
Հայր Թոմասի կացարանը մի վայր է, որտեղ նրանց օգնություն են ցուցաբերում։ Նա փորձում է կառավարության ուշադրությունը հրավիրել այդ մարդկանց խնդրին։ Ի պատասխան նրանք տասնյակ սպառնալիքներ են ստանում կազմակերպված բանդաներից, որոնք փորձում են մարդկանց առևանգել փրկագին պահանջելու համար։
Մրցանակի դափնեկիրները ստացածը առանց երկմտելու փոխանցում են այլ մարդասիրական հիմնադրամներ։ Դրանց շնորհիվ ֆինանսավորվում են այլ դպրոցներ, հիվանդանոցներ, գյուղական կոոպերատիվներ և արհեստանոցներ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։



