Ադամ Կաց Սինդիգ

Ադամի ხაჭაპური–ը, կամ հայերեն ի՞նչ դաջվածք է ուզում անել ամերիկացի լուսանկարիչը

194
Լուսանկարիչ և լրագրող Ադամ Կաց Սինդիգը բացահայտեց վրացերենով արված դաջվածքի գաղտնիքը և հայ լրագրողներին պատմեց` ինչպես պաշտպանեն իրենց լուսանկարների անօրինական օգտագործումից։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Լուսանկարիչ և լրագրող Ադամ Կաց Սինդիգի հաջորդ դաջվածքը կարող է դառնալ հայկական ճաշատեսակի անվանումը` հենց հայերեն գրված, ինչպես վրացական խաչապուրիի դեպքում։ Այս մասին Ադամն ասաց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Լուսանկարիչ և լրագրող Ադամ Կաց Սինդիգը Vogue-ի և W-magazine-ի մշտական հեղինակն է։ Instagram-ում նրա բաժանորդների թիվը գերազանցում է 500 հազարը։ Նա Հայաստան է ժամանել «Երևան 2018» նորաձևության համաժողովի շրջանակում, որն անցկացվել է հունիսի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչո՞ւ խաչապուրի

Վրաստան կատարած ճանապարհորդության ժամանակ Ադամին շատ է դուր եկել վրացական խաչապուրին։ Բացի այդ, նրան դուր է եկել վրացական այբուբենը, և որոշել է իր ձեռքի վրա դաջել խաչապուրի բառը բնօրինակով` ხაჭაპური։

Пресс-конференция американского фотографа Адама Катц-Синдига
© Sputnik / Asatur Yesayants
Ադամ Կաց Սինդիգ

«Ինձ ժամանակ է պետք Հայաստանն ուսումնասիրելու համար։ Ես պետք է իմ սիրելի ճաշատեսակը գտնեմ Հայաստանում, ինչպես գտել եմ Թբիլիսիում, ուստի իմ հաջորդ հայալեզու դաջվածքը կարող է հայկական ուտեստի անվանում լինել», — ասաց Կաց Սինդիգը։

Ինչպե՞ս պայքարել «գրագողության» դեմ

Ադամը սկսել է լուսանկարչությամբ զբաղվել 2001թ-ին։ 2007թ-ից հետաքրքրվել է նորաձևությամբ։ Նորաձևության պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2011թ-ից։ Լուսանկարչությունից բացի, նա ակտիվ պայքարում է լուսանկարիչների իրավունքների ոտնահարման խնդրի դեմ, քանի որ բազմաթիվ անգամ է բախվել պլագիատին։ Նա Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հավաքված լրագրողներին ու լուսանկարիչներին պատմեց, թե ինչպես պայքարել դրա դեմ։

2017թ-ից Ադամը իր համախոհների հետ սկսել է ակտիվ պայքար մղել նրանց դեմ, ովքեր աներեսաբար գողանում են լուսանկարները` յուրացնելով ոչ միայն լուսանկարչի աշխատանքը, այլ նաև այդ աշխատանքի դափնիները։

Пресс-конференция американского фотографа Адама Катц-Синдига
© Sputnik / Asatur Yesayants
Ադամ Կաց Սինդիգ

Սովորաբար նորաձևության տները ցուցադրություններից առաջ իրենց արտադրանքը գովազդելու համար դիմում են հայտնի բլոգերներին, որոնք մի քանի հարյուր հազար օգտատերեր ունեն։ Հագուստի ապրանքանիշի գովազդի համար բլոգերները նորաձևության տնից ստանում են հագուստ, նորաձևության ցուցադրությանը առաջին շարքում նստելու հնարավորություն։ Իսկ եթե ցուցադրությունը մեկ այլ երկրում է, ապա նաև փող, ուղևորություն և հյուրանոցային համար։ Բլոգերները պարտավոր են երեք լուսանկար անել ապրանքանիշի հագուստով և տեղադրել սոցիալական ցանցերի իրենց էջերում։

«Որպես կանոն` երեք լուսանկարներից մեկը նրանք վերցնում են լուսանկարիչներից, որոնք, ըստ էության, անում են ամբողջ սև գործը», — ասաց Ադամը։

Հաճախ նրանք չեն նշում այն լուսանկարչի անունը, որից լուսանկար են վերցնել։ Ադամը համախոհների հետ պայքարում է այդ անարդարության դեմ։

«Եթե բլոգերը ստանում է փող, ցուցադրության ժամանակ առաջին շարքում նստելու հնարավորություն և այդ ապրանքանիշի հագուստ, ապա լուսանկարիչների դեպքում այդպես չէ», — ասաց Ադամը։

Այսօր Ադամը և նրա լուսանկարիչ ընկերների թիմը նման գրառումներ տեսնելիս իսկույն համապատասխան նախազգուշական նամակ են ուղարկում` խնդրելով հեռացնել լուսանկարը կամ ավելացնել լուսանկարչի անունը։

«Գուցե պայքարի այդ մեթոդն այնպիսի հեղափոխություն չի արել, ինչպես ձեզ մոտ, սակայն թույլ է տվել համախմբվել, ինչը մեծ ձեռքբերում է մշտապես մրցակցող լուսանկարիչների համար», — ասաց Ադամը։

«Երևան 2018» նորաձևության համաժողովն անցկացվել է առաջին անգամ և հիանալի հնարավորություն դարձել երկրի դիզայներների համար` հանդիպելու համաշխարհային նորաձևության ներկայացուցիչների, պրոֆեսիոնալների և ազդեցիկ մարդկանց հետ, որոնք փոխանցել են իրենց փորձը և վարպետության դասեր անցկացրել տեղի դիզայներների համար։

194