ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նախիջևանում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է բուռն արձագանք ստանալ հայկական օն լայն լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Հանրապետության ռազմական ղեկավարության հասցեին մեղադրանքներ են հնչում` սահմանի որոշակի հատվածներում դիրքերը հանձնելու վերաբերյալ տեղեկության հետ կապված։ Խոսքը, մասնավորապես, այն դիրքերի մասին է, որտեղից իբրև թե ադրբեջանցիները կարող են կրակել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի ուղղությամբ։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում իրավիճակը մեկնաբանել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` իրականում ադրբեջանցիները նոր տեղում են դիրքավորվել իրենց իսկ տարածքում։ Ավելին` բլոկպոստերի միջև հեռավորությունը առանձին հատվածներում կարող է հասնել 3-4 կմ–ի`և սա հաշվի առնելով բարդ լեռնային տեղանքը։ Հետևաբար, խոսել այն մասին, որ հայկական կողմը հակառակորդին ինչ-որ դիրքեր է զիջել, ոչ միայն սխալ է, այլև ոչ պրոֆեսիոնալ։
«Դա չեզոք տարածք է։ Եվ լրացուցիչ դիրքերի տեղակայումը որոշակի առումով օրինաչափ գործընթաց է։ Մենք ևս որոշակի քանակությամբ նման դիրքեր ունենք։ Ես չեմ կարծում, որ դա փոխում է իրավիճակը», – ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Արենի գյուղին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդը նախկինում ևս հնարավորություն է ունեցել դիտարկումներ իրականացնել։
Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դիտարկումներ անցկացնել` որոշակի առումով առավելություններ ունի հայկական ԶՈՒ–ն, որոշակի առումով առավել շահավետ դիրք են զբաղեցնում ադրբեջանական ուժերը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ կողմերը փորձեր են անում առաջ տանելու սեփական դիրքերը։ Դա մշտական գործընթաց է, կողմերը փորձում են առավելություն ստանալ հակառակորդի նկատմամբ։ Այդ գործընթացին միայն կրակոցներով է կարելի խանգարել։ Սակայն դա հրադադարի ռեժիմի խախտում է համարվելու։
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում առաջացած խուճապը փորձագետը փոթորիկ է համարում մեկ բաժակ ջրում։
«Մարդիկ, այդքան էլ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այնտեղ, խուճապային լուրեր են տարածում, ինչն անընդունելի է։ Ադրբեջանական ստորաբաժանումները նոր խրամատներ են փորում, ինչպե՞ս կարող ենք խանգարել նրանց։ Միայն կրակելով։ Սակայն դա հրադադարի ռեժիմի խախտում կլինի մեր կողմից», – նշում է Նահապետյանը։
Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Նախիջևանի թեման և դրանից բխող սպառնալիքը հայկական ԶԼՄ-ներում չափից ավել ուռճացվում է։ Ադրբեջանի կողմից սպառնալիք կա բոլոր ուղղություններով` լինի դա Նախիջևանը, Տավուշի մարզը, թե Արցախը։
Նախիջևանի կարգավիճակը սահմանվում է 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Այն ստորագրել են նաև Ռուսաստանն ու Թուրքիան։ Հետևաբար, ինքնավար հանրապետության կարգավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Ռուսաստանի և Թուրքիայի միջամտության։ Փորձագետը կասկած է հայտնում, թե իրադարձությունների նման շրջադարձը Հայաստանի շահերից է բխում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։



