ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանում կոռուպցիոն սխեմաները ներթափանցել են հասարակության գրեթե բոլոր ոլորտներ` ստվերով «ծածկելով» երկրի տնտեսության մոտ 20 տոկոսը, Sputnik Արմենիային ասաց «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Փորձագետի խոսքով` կոռուպցիայի մասշտաբները պայքարը դարձնում են ազգային անվտանգության հարց։ Խնդիրն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ անօրինական շրջանառության, չվճարված հարկերի, «օտկատների», ինչպես նաև լվացված փողերը տարվում են արտասահման։
«Անօրինական ճանապարհով ձեռք բերած գումարի մի մասը դուրս է բերվում երկրից։ Որոշ տվյալներով` ամեն տարի դուրս է բերվում մեկ միլիարդ դոլարի կապիտալ, հիմնականում դա արվում է օֆշորային սխեմաներով», — նշեց Մարգարյանը։
Տնտեսագետը նշում է` տարբեր գնահատականներով` Հայաստանի պես երկրներում ստվերային տնտեսությունը հասնում է 20-22 տոկոսի, իսկ երկրի ՀՆԱ-ի տոկոսներով դա 2-2.5 միլիարդ դոլար է։ Այդ միջոցների հարկերը, եթե դրանք դուրս բերեն ստվերից, կարող են կազմել 200-250 միլիոն դոլար, ինչը կգնա պետբյուջե։
Մարգարյանը լավատեսորեն է տրամադրված. Ազգային անվտանգության ծառայությունը հավանաբար խանդավառությամբ է ձեռնամուխ եղել կուտակածը որոնելուն։ Տնտեսագետը հույս ունի, որ աուդիտները կտան իրենց պտուղները, իսկ ջանքերը բավարար կլինեն, որպեսզի բոլոր մոխրագույն սխեմաները բացահայտվեն։
Ատոմ Մարգարյանը նշեց ԱԱԾ վերջին բացահայտումը` կապված մաքսատան հետ։ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով Հայաստանում գործող խոշորագույն «Նորֆոլկ Քոնսալթինգը» չարամտորեն խուսափել է հարկերի, տուրքերի վճարումից` մոտ մեկ տարում «կուտակելով» 7 միլիոն դոլար։
«ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը` 350 անուններից կազմված ցուցակի մասին, «Նորֆոլկի» ի պատմությունը կարող են նոր ճյուղ դառնալ նման հանցագործությունների դեմ պայքարում։ Այդ ցուցակում, իհարկե, կան մարդիկ, որոնց անուններով ձևականորեն է բիզնես գրանցված։ Նրանցից մի քանիսը նույնիսկ չգիտեն այդ մասին, ինչպես նաև, թե ինչ գործողություններ են կատարվել ու որքան գումարներ են պտտվել նրանց անվան տակ», — ասաց Մարգարյանը։
Տնտեսագետն ուշադրության արժանի համարեց այն փաստը, որ «Նորֆոլկի» գործադիր տնօրենը երկար տարիներ եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահը։ Այսինքն երկար տարիներ եղել է Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի աշխատողը, որը գլխավորել է «Գազպրոմ Արմենիան»։
«Ուստի բացառված չէ, որ ստացել է Հարությունյանի համաձայնությունը», — ասաց Մարգարյանը։
Միաժամանակ, նրա խոսքով, պետք չէ անտեսել անմեղության կանխավարկածը։
Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ հարցաքննությունների են կանչում «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների գանձապահներին, տնտեսագետը նշեց, որ խոշոր բիզնեսը միշտ փորձում է փոքր և միջին «ձևանալ» և խուսափել բարձր հարկերից
Տնտեսագետի խոսքով` առանց Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների իմացության բարդ է դա անել, իսկ խոշոր ցանցերի դեպքում գրեթե անհնար է։
Նրա խոսքով` անօրինական հարստացման մեկ այլ միջոց է, այսպես կոչված, «կոռուպցիոն տուրքը»։ Հայաստանի բնակչությունը և բիզնեսը ստիպված են գումար վճարել որոշակի ծառայությունների դիմաց, բայց այդ միջոցները ոչ մի տեղ չեն նշվել, հաշվի չեն առնվել և ընդհանրապես նախատեսված չեն եղել օրենքով։
«Այդ տուրքը գնացել է ոչ միայն մյուս գործարարների գրպանները, այլև համալրել են ինչ-որ հիմնադրամների բյուջեները, գնացել են ստվերային հաշիվներ։ Օրինակ` «Հայաստանի Էլեկտրական ցանցերը» 5 մլրդ դրամ է վճարել «Լույս» հիմնադրամին», — ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` դա հիանալի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հայ ուսանողներին սովորել աշխարհի լավագույն համալսարաններում։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ում հաշվին է ֆինանսավորվել նրանց բյուջեն։
«Մի՞թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի տեսել թվերը, երբ էլեկտրաէներգիայի սակագին է սահմանել։ Ի՞նչ է նշանակում նման մասշտաբային նվիրատվություններ կատարել քաղաքացիների հաշվին», — ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` եթե բիզնեսն ազատվի այդ «տուրքից», դա ապրանքների գների նվազման կհանգեցնի։ Բացի այդ, բիզնեսը կձերբազատվի մենաշնորհային արտոնություններից, առավելություններից և կվերադառնա հարկային դաշտ։
Դա իր հերթին գ ործարարներին կստիպի երկարաժամկետ ներդրումներ կատարել և պայքարել հաճախորդների համար` բարելավելով ապրանքների որակն ու գինը։
Մարգարյանի խոսքով` ևս մեկ անհեթեթ երևույթ է բնակելի տների գազամատակարարման համակարգերի սպասարկման դիմաց վճարը։ Դա կարելի էր ներառել սակագնի մեջ, որպեսզի այդքան աչք չծակեր։ Իսկ գազի սակագինն առանձին պատմություն է։
«Գազի սակագնի թեման, իմ կարծիքով, առաջիկայում կբարձրացվի, դա լուրջ հարց է։ Ինչպե՞ս կարող է գազը թանկանալ 100 տոկոսով սահմանից տեղափոխվելու, հարկեր վճարելու և Հայաստանի տարածքում բաշխվելու արդյունքում։ Հարևան երկրների օրինակով այդ ցուցանիշը չի գերազանցում 20 տոկոսը», — ասաց Մարգարյանը։
Գազը սպառողին հասնելու ճանապարհին կարող էր թանկանալ 30-35, բայց ոչ թե 140-150 դոլարով։
Նրա խոսքով` այդ հարցին պետք է պատասխանի ՀԾԿՀ-ն։
«Առաջին տարիներին, երբ գազիֆիկացվում էին հեռավոր գյուղերը, դեռ կարելի էր ինչ-որ կերպ հիմնավորել այդ ամենը` և՛ մարժան, և՛ կորուստները։ Բայց հիմա այդ մասին խոսելն անիմաստ է», — ասաց Մարգարյանը։
Տնտեսագետը նշեց, որ եթե գազը, էլեկտրաէներգիան, վառելիքն ավելի թանկ լինեն, քան հարևան երկրներում, ապա իմաստ չունի խոսել ներդրումային գրավչության մասին, Հայաստանի նախկին իշխանություններն այդքան էլ հոգ չեն տարել այդ մասին։
Տնտեսագետը հույս հայտնեց, որ եթե այսօրվա ժամանակավոր կառավարությունը չկարողանա ինչ-որ բան անել, ապա հաջորդ կառավարությունը (արտահերթ ընտրություններից հետո) արմատական քայլերի կդիմի և կփոխի ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։



