Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը խոսեց Նիկոլ Փաշինյանին սատարելու և ԱԱԾ բացահայտումների մասին

529
(Թարմացված է 18:47 26.05.2018)
Հայտնի գործարարը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության ստուգումները պետք չէ շահարկել, իսկ Հայաստանում պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի երեխաները մնան երկրում ու երջանիկ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Անկախ իշխանությունների փոփոխությունից` ռուսաստանաբնակ գործարար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շարունակելու է իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին այսօր նա ասաց Դիլիջանում լրագրողների հետ զրույցում։

«Արել ենք, անում ենք և շարունակելու ենք անել մեր գործը, անկախ նրանից` ովքեր են իշխանությունում: Կոնկրետ մեր գործի հետ կապված ոչինչ չի փոխվել»,-ասաց Վարդանյանը:

Հարցին, թե կառավարության փոփոխությունից հետո ներդրումային միջավայրի բարելավում չի նկատվո՞ւմ, նա հիշեցրեց, որ ինքը Հայաստանում բարեգործությամբ է զբաղվում:

Վարդանյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է, երիտասարդությունը ժպտում է:

«Երիտասարդությունը հավատաց, որ կարող է իրավիճակի վրա ազդել, փոփոխություն կատարել: Մեր նպատակն է աշխատել, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն»,-ասաց Վարդանյանը:

Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե արդյո՞ք նա փոփոխությունների ընթացքում սատարում էր Նիկոլ Փաշինյանին։ Վարդանյանը պատասխանեց, որ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի կարող սատարել կամ չսատարել:

Նա հույս հայտնեց, որ նոր կառավարությունն իր հայտարարած ծրագրերը կյանքի կկոչի: «Տեսնենք, ժամանակ է պետք, դեռ 20 օր է անցել, եկեք սպասենք»,-ասաց նա:

Գործարարն անդրադարձավ նաև ԱԱԾ բացահայտումների թեմային։

«Ես համաձայն եմ վարչապետ Փաշինյանի հետ, որ շահարկումներ չպետք է արվեն, օրենքով պիտի ստուգվեն, բացահայտվեն»,- ասաց նա։

Հիշեցնենք` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է գումարները վերադարձնեն պետբյուջե:

Նրա խոսքով` քրեական գործում ներգրավվել են մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և հարկեր չեն վճարում: Ի դեպ, այդ մարդիկ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիներ են, որոնց անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել տարբեր կազմակերպություններ:

529
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (498)