Դրամապանակ

Կոռուպցիոները կպատժվի, գողացած փողերը կվերադառնան Հայաստան. ով ու ինչպես կփոխի ավանդույթը

461
(Թարմացված է 16:31 18.05.2018)
Կառավարությունը վստահեցնում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ։ Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն նոր մարմնի նախագիծ է մշակում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանից գողացված գումարները կվերադառնան Հայաստան, կոռումպացված պաշտոնյաները կպատժվեն, նոր պաշտոնյաների եկամուտներն ու ունեցվածքը հասանելի կլինեն հանրությանը։ Հայաստանի քաղաքացիներին Կոռուպցիայի դեմ պայքարի այսպիսի արդյունք է խոստանում երկրի նոր իշխանությունը։

Դրա համար առաջին քայլը լինելու է պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերի վերլուծությունն ու թաքցված եկամուտների բացահայտումը, որով զբաղվելու է հակակոռուպցիոն նոր մարմինը։ Այս մասին այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովում հայտարարեց արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը։

Նոր մարմինը, Զեյնալյանի խոսքով` օժտված է լինելու ոչ միայն լիակատար անկախությամբ, այլև օպերատիվ հետախուզական ու քննչական գործառույթներով։

«Սա դեռևս հայեցակարգ է, որ պետք է ներդրվի, իրականացվի։ Կհաջողենք, թե ոչ կախված է նրանից` ինչպես կաշխատենք, ինչ միջոցներ կներդնենք ու ինչ աջակցություն կստանանք»,- ասաց Զեյնալյանը` կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում նաև հանրության մասնակցությունը։

Ինչ վերաբերում է արդեն հափշտակված պետական միջոցների վերադարձին, Զեյնալյանը նշեց, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները` առաջնորդվելով անմեղության կանխավարկածով։ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանի խոսքով էլ, դրա համար կա կա երկու ճանապարհ` քաղաքացիական իրավունքի տեսանկյունից պաշտոնյան պետությանն է վերադարձնում գողոնն ու ազատվում պատասխանատվությունից և քրեական իրավունքի տեսակետից` կոռուպցիոները նաև քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Թե այս ուղիներից որը կընտրի Հայաստանի նոր գործադիր իշխանությունը, պարզ կլինի առաջիկայում։

Կարեն Զադոյանի կարծիքով, Հայաստանի ներկայիս օրենսդրությունն ու իրավական մեխանիզմներն այսօր էլ կոռուպցիայի դեմ պայքարելու հնարավորություն ընձեռում են, այլ հարց է, որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական ու քաղաքացիական կամք։

«Կան մարդիկ, ովքեր գիտեն ապօրինի կուտակված հարստության տեղերը, ապօրինի միջոցներով ձեռք բերված գույքի տեղերը։ Եվ մենք վստահ ենք, որ այս համընդհանուր մոբիլիզացիայի շնորհիվ հնարավոր կլինի գույքագրել, թե ով որ պետության սահմաններում ունի նման ակտիվներ»,- ասաց Զադոյանը։

Որոշակի խնդիր է ներկայացնում օֆշորային գոտիներում գրանցված գույքի իրական սեփականատերերին բացահայտելը, բայց դա էլ անհաղթահարելի դժվարություն չէ, եթե լինի ցանկություն։

Կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն հայտնել են ՀՀ բոլոր իշխանությունները, քննարկման մասնակիցներին հիշեցրեց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

«Ես չեմ հիշում ՀՀ որևէ կառավարություն, որը չի հայտարարել պայքարելու ցանկության մասին։ Նախկինն էլ է հայտարարել, օրենքներ է փոխել։ Վստահ եմ, որ նոր կառավարությունն էլ նույն ցանկությունն է արտահայտելու, ավելի վստահ եմ, որ ունենալու է այդ ցանկությունն իրականացնելու քաղաքական կամք։ Բայց ինձ ամենաշատը հետաքրքրում է` արդյո՞ք ՀՀ քաղաքացին նույնպես ցանկանում է դառնալ կոռուպցիայի դեմ պայքարի այն մասնակիցը, որն իր բաժին ներդրումը կանի։ Հարցը պետք է դնենք, ոչ թե ` արդյո՞ք կառավարությունը ցանկանում է, այլ` արդյո՞ք կառավարությունն այնպես է անում, որ բոլոր քաղաքացիները դառնան մասնակից»,- ասաց Պողոսյանը։

Ի դեպ, ապօրինի հարստացումը քրեականացնող իրավական նախաձեռնությունն ուժի մեջ է մտել դեռ 2 տարի առաջ` նախկին իշխանությունների օրոք` 2016թ-ի հուլիսի 1-ից։

Քննարկման կազմակերպիչների խոսքով, սակայն, մինչ օրս այդ օրենքով որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։

461