Երևանի քաղաքապետարան

«Կողմ» և «դեմ». միանգամից երկու ցույց` Երևանի քաղաքապետարանի դիմաց

108
(Թարմացված է 16:10 17.05.2018)
Ցուցարարների մի մասը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը, մյուս մասն ուզում է հետագայում ևս նրան տեսնել պաշտոնին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմնակիցներն ու հակառակորդները միաժամանակ են բողոքի ցույց անցկացնում քաղաքապետարանի դիմաց։

Մի քանի տասնյակ ցուցարար է հավաքվել յուրաքանչյուր կողմից։ Առաջինների կարգախոսն է` «Տարոնը մեր քաղաքապետն է», երկրորդներինը` «Տարոն, հեռացի՛ր»։

Քաղաքապետի հակառակորդները նրա հրաժարականն են պահանջում, մեղադրում բազմաթիվ իրավախախտումների և կոռուպցիայի մեջ։ Նրանք արդեն դիմել են դատախազություն` պահանջելով ստուգել քաղաքապետարանի աշխատանքը և արդյունքների են սպասում։

Երկու ժամ շարունակ լեզվակռիվ էր գնում ճամբարի երկու կողմերում կանգնածների միջև։ Այնուհետև քաղաքապետի հակառակորդները որոշեցին քայլերթ կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում, մարդկանց կոչ անելու միանալ ակցիային։

Առաջին կանգառը եղավ Գլխավոր դատախազության մոտ, որտեղ ևս մեկ անգամ պահանջեցին ստուգել քաղաքապետարանի գործունեությունը։ Այնուհետև նրանք շարունակեցին քայլերթը` քաղաքապետարանի շենքի մոտ կրկին վերադառնալու համար։

Այժմ հակառակորդների և կողմնակիցների ակցիաներում մի փոքր պասիվություն է նկատվում (արևի պատճառով), սակայն դրանք շարունակվում են։

Քաղաքապետարանի դեմ բողոքի ակցիաների համար առիթ հանդիսացավ քաղաքապետարանին հարող տարածքում գտնվող այգում իրականացված ծառահատումները։ Իսկ քաղաքապետարանում հայտարարեցին, որ աշխատանքներ են տարվում այգու վերակառուցման համար, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին, իսկ մոտ 25 ծառեր հատել են հին ու փտած լինելու պատճառով։

Սրան ի պատասխան մայիսի 16-ին մի քանի ցուցարարներ ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց` պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն ու ավագանու ցրումը։ Ավելի ուշ նրանք ներխուժեցին շենք և փորձում էին մտնել երրորդ հարկում գտնվող քաղաքապետի աշխատասենյակը։

Մայիսի 17-ին իրավիճակը մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ ճիշտ չի համարում տարբեր պաշտոնատար անձանց հրաժարականի մասին քաղաքացիների պահանջները։

«Այդ հարցին փուլ առ փուլ է պետք մոտենալ», – ասաց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ Փաշինյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կաշառքով է ընտրվել այդ պաշտոնում։

108