Երևան, արխիվային լուսանկար

Ինտերնետ «ռումբ». ինչպես են բողոքի ցույցերն ազդել Հայաստանի տրաֆիկի վրա

321
(Թարմացված է 10:49 04.05.2018)
«Իմ քայլը» շարժման մասնակիցները չափազանց ակտիվ են եղել սոցիալական ցանցերում։ Հայ օգտատերերը ոչ միայն հետևում էին նորություններին, այլ նաև բազմաթիվ հրապարակումներ տարածում համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանի հեռահաղորդակցական խոշոր ընկերություններն ինտերնետ տրաֆիկի աճ են արձանագրել հանրապետությունում բողոքի ակցիաների ժամանակ։

Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում հանրահավաքների ժամանակ գրեթե բոլորն իրենց բջջային սարքերից տեղեկությունը փոխանցել են անմիջապես իրադարձությունների վայրից։ Շատերը հարազատներին հայտնել են ակցիաների, իրենց վիճակի մասին, ինչպես նաև լուսանկարներ, տեսանյութեր, սելֆիներ են հրապարակել սոցիալական ցանցերում։

Ucom հեռահաղորդակցական ընկերությունը հաղորդել է, որ վերջին շաբաթների ընթացքում աշխատանքը տարվում է աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում, ինչը պայմանավորված է երկրում վիդեոկոնտենտի պահանջարկի բարձրացմամբ։

«Տեխնիկական ստորաբաժանման մասնագետներն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Ինտերնետ տրաֆիկի անհամաչափորեն կտրուկ աճ է սկսվել ապրիլի 13-ից։ Ապրիլի 22-ին և 23-ին ընկերության ցանցում սպառված ինտերնետի ծավալը եռապատկվել է՝ հասնելով 260 գիգաբիթ/վայրկյան առավելագույն արժեքին, մինչդեռ մինչև այդ ընկերության ցանցում պիկ ժամերին ինտերնետ տրաֆիկի սպառումը չէր գերազանցում 80-90 գիգաբիթ/վայրկյանը», — հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը` հավելելով, որ վերջին օրերին տրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինում մոտ 300 տոկոսով։

Շուկայի ևս մեկ առաջատար` «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը, նույնպես արձանագրել է ինտերնետ տրաֆիկի մեծ աճ։

«Մեր տրաֆիկն աճել է ավելի քան երկու անգամ` մոտ 100 տոկոսով։ Ցանցում խափանումներ չեն եղել։ Այդ օրերին բոլոր բաժանորդները թե՛ Երևանում, թե՛ մարզերում ապահովված են եղել գերարագ ինտերնետ ծառայություններով` առանց ցանցի աշխատանքում խափանումների։ Մեր մասնագետները դիտարկում են անցկացրել 24/7 ռեժիմով», — Sputnik Արմենիային հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից` նշելով, որ հիմնականում տրաֆիկը բաժին է ընկել օնլայն ռեսուրսներին։

Beeline ընկերությունից էլ հայտնեցին, որ 2018թ-ի ապրիլին բջջային տրաֆիկը մարտի համեմատ աճել է 5 տոկոսով։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։

321
Ըստ թեմայի
Ինչպես դպրոցներն ու բուհերը կլրացնեն ցույցերի պատճառով բաց թողած դասերը
Սարգսյանն ու Փաշինյանը նույն ցանկում են. ո՞վ է ավելի շատ հետաքրքրում ռուսական մամուլին
Ուրիշի կարծիքի հանդեպ անհանդուրժողականությունն անհնար է դարձնում թավշյա հեղափոխությունը