Նիկոլ Փաշինյան

«Գունավոր հեղափոխություն» կամ... ո՞վ է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում

7704
(Թարմացված է 21:32 17.04.2018)
Հայաստանում իշխանափոխությունը, հետևաբար նաև երկրի արտաքին քաղաքական ուղղության փոփոխությունը ցուցարարների ակնհայտ մտադրությունն է, որը հղի է «գունավոր հեղափոխությամբ», վստահ է ռազմական փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանում ցուցարարներն օգտվում են «գունավոր հեղափոխությունների» նույն մեթոդներից, որոնցից օգտվում են նրանց գործընկերները մյուս երկրներում, Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով` «գունավոր միսիոներները» հիմնվում են ժողովրդի մեջ կուտակված օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհության վրա։ Փորձագետի կարծիքով` Հայաստանում այդ «գունավոր» մեթոդների կիրառումն ակնհայտ է։

Նահապետյանն օրինակ բերեց ոստիկանական շարասյան ֆոնին համբուրվող զույգի լուսանկարը, որն արդեն հասցրել է տարածվել հայ օգտատերերի սոցցանցերի էջերում։ Նա հիշեցնում է, որ ճիշտ նույնպիսի բեմադրված լուսանկար էլ անդադար ցուցադրվում էր Ուկրաինայում «մայդանի» ժամանակ։

«Հիմա արդեն տարածվում են թերթիկներ, ակցիաների ժամանակ վարքագծի և իրավապահներից պաշտպանվելու կանոնների մասին հրահանգներ։ Այդ թերթիկները նույն տեքստով կան տարբեր լեզուներով` երեք երկրի լեզուներով, որտեղ կիրառվում են «գունավոր» տեխնոլոգիաներ», — ասաց Հայկ Նահապետյանը։

Զրուցակիցը բերեց Հայաստանում գործող որոշ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև նրանց ղեկավարների ֆեյսբուքյան էջերի կոնկրետ օրինակը. նրանց շարքում է «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը կամ «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Մարո Մաթոսյանը։

Փորձագետի խոսքով` տիկին Ահարոնյանը ցանկացած պահի ակնթարթորեն կգնա իր հայրենիք` Կանադա, նույնը կանի նաև Մաթոսյանը. նա ԱՄՆ-ի քաղաքացի է։

«Այստեղ կմնանք մենք` նրանք, ովքեր պետք է պաշտպանեն երկրի սահմանները և ապահովեն նրա անվտանգությունը», — նշեց նա։

Ռազմական փորձագետը նախազգուշացնում է, որ լուրջ հուզումների դեպքում դրանից անհապաղ կօգտվի Ադրբեջանը, ինչի մասին պետք է մտածի բողոքի ակցիաների համակարգող Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք, ովքեր իրենց բողոքի ակցիաների ղեկավարներ են համարում, պետք է մտածեն այդ մասին։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրեն տեսնում է շարժման ղեկավարի դերում, ապա շատ է սխալվում։ Ամեն ինչ ղեկավարում են նրանք, ովքեր սցենարներ են գրում, իսկ այդ «գրողները» Հայաստանում չեն, Փաշինյանը գործում է նրանց ցուցումներով», — ասաց նա։

Ինչպես ենթադրում է Հայկ Նահապետյանը, օտարերկրյա հեղինակները Հայաստանում իշխանափոխության ծրագիր են մշակել շատ պարզ, ակնհայտ պատճառով. Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, որը դարձել է արևմտյան երկրների կողմից հակազդեցության գլխավոր նպատակ։ Եվ, իհարկե, ռուսական ազդեցության գոտուց Հայաստանին դուրս բերելը շատ ցանկալի լուծում է Արևմուտքի համար, կարծում է Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում «թավշյա հեղափոխություն» սկսելու մասին։

7704
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)