Ռադիոտուն

Երևանում բերման ենթարկվածներից երեքին ձերբակալել են

116
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է 3 ձերբակալվածի մասին։ Նրանք մասնակցել են հանրային ռադիոյի շենք մտնելու ակցիային։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Բողոքի զանգվածային ակցիաներին մասնակցած անձանցից 3-ին ձերբակալել են։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ձերբակալված ցուցարարներից երկուսը` Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն, մասնակցել են ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու ակցիային։

Նրանք, ըստ ՀՔԾ-ի պարզաբանման` «խախտել են վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել շենք, ապա հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը»:

Ձերբակալված երրորդ անձը` Ա. Մ.-ն է, որի մոտ ոստիկանները հայտնաբերել են 17 մետաղյա ձող և 3 փայտե մահակ:

Ցուցարարը հայտնել է, որ դրանք հավաքել է Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից` ոստիկանների հետ ընդհարումից պաշտպանվելու համար:

Հիշեցնենք, որ այսօր, ոստիկանության տվյալներով, օրվա ընթացքում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնցից այս պահին ոստիկանության բաժանմունքներում են մնում 10-ը։

Նշենք, որ քրեադատավարական օրենսգրքի համաձայն`բերման ենթարկված անձին ոստիկանությունն իրավունք ունի բաժանմունքում պահել առավելագույնը 3 ժամ։ Դրանից հետ նրան կա՛մ պետք է ազատ արձակեն, կա՛մ ձերբակալելու որոշում կայացնեն։

116