ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական» և «Բաղրամյան» կայարաններում ցուցարարները փորձել են արգելել մետրոպոլիտենի գնացքների երթևեկությունը։
Այս պահին ցուցարարները «Երիտասարդական», «Շենգավիթ», «Բաղրամյան» կայարաններում պառկել են գնացքի դռների ու կառամատույցի միջև և թույլ չեն տալիս, որ գնացքները երթևեկեն։
Ոստիկանները դուրս են բերում ցուցարարներին կայարաններից։
Մետրոպոլիտենի ղեկավարությունն արդեն փակել է մետրոյի մի քանի կայարաններ։ Այս պահին չեն գործում «Մարշալ Բաղրամյան», «Շենգավիթ», «Հանրապետության հրապարակ» կայարանները։
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանը փակել է մետրոյի ղեկավարությունը։ Նրա խոսքով, առիթից օգտվելով, իրենք որոշել են տեխնիկական որոշ աշխատանքներ իրականացնել այնտեղ։ Մնացած կայարանների աշխատանքը խոչընդոտել են ցուցարարները։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում քաղաքացիական անհնազանդության ակցիայի շրջանակում մետրոպոլիտենի աշխատանքն արգելելու կոչ էր արեն «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը։