Հանրային ռադիոյի շենքում

Իրավապահները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր են փնտրում

139
(Թարմացված է 21:09 14.04.2018)
ՀՀ գլխավոր դատախազությունը հրահանգել է Նիկոլ Փաշինյանի գործողություններում քրեական գործ հարուցելու հիմքեր փնտրել։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու համար։

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշատակվում են ապրիլի 14-ին` Հանրային ռադիոյի և ապրիլի 13-ին`ԵՊՀ գլխավոր մասնաշենք մուտք գործելու դեպքերը։

Դատախազությունը փաստում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ, մուտքի դուռը վնասելով, ներխուժել են Երևանի պետական համալսարան և, դռները վնասելով, փորձել են մտնել ռեկտորի աշխատասենյակ:

«Հավաքի մասնակիցները մարմնական վնասվածքներ են պատճառել համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ այսօր`ապրիլի 14-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող և ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող Հայաստանի հանրային ռադիոյի շենք:

«Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին»,- ասված է հայտարարության մեջ։

Սրանով, դատախազության եզրակացությամբ, Փաշինյանը խախտել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը, իսկ շենք ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը։

Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել և նշել, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները առերևույթ պարունակում են իրավախախտման հատկանիշներ և կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն:

Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քաղաքացիական արշավի մեկնարկը տրվել է մարտի 31-ինԳյումրու Վարդանանց հրապարակում։ Ակցիայի մասնակիցները քայլերթով հասան Երևան մարտի 13-ին։ Նույն օրը երեկոյան ցուցարարները շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը, հետո վրաններ տեղադրեցին փողոցներում ու հարակից այգիների նստարաններին և գիշերն անցկացրին այնտեղ։ Այսօր կեսօրին Փաշինյանն իր համակիրների հետ ներխուժեց Հանրային ռադիոյի շենք։
139
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)