ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայկական ԱԷԿ-ը հիմնանորոգումից հետո 15-20 տոկոսով ավելի արդյունավետ կդառնա։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասաց «Հայկական ատոմակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը։
«Սա այն դեպքն է, երբ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը։ Բայց մենք հույս ունենք ռուս գործընկերների օգնությամբ իրականացնել այդ աշխատանքը։ Այս տարի կփոխենք ռեակտորի երկու տուրբիններից մեկը, եկող տարի` երկրորդը», — ասաց նա։
Վերանորոգումից հետո կբարձրանա նաև ատոմակայանի օգտակար գործողության գործակիցը։ Վառելիքի նույն ծավալի դեպքում այն կարտադրի 15-25 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա։
Բացի այդ, հիմա ուսումնասիրում են ռեակտորի կորպուսի պատերը։ Դրանց մետաղը ժամանակի ընթացքում «հոգնում» է նեյտրոնների հոսքից, որոնք գալիս են ռեակտորից։ Մետաղը թուլանում է, այն կարելի է ամրացնել թրծման միջոցով։
«Եկող տարում մենք կիրականացնենք նման աշխատանք` ռուս գործընկերների առաջարկով և նրանց աջակցությամբ», — ասաց Սևիկյանը։
Մինչև 2027թ-ն ԱԷԿ շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության աջակցությամբ` մինչև 270 միլիոն վարկային գծի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։
Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։
Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։


