Նաիրա Զոհրաբյան

Եվրամիությունը պետք է անկեղծ լինի Հայաստանի հետ. խորհրդարանը քննարկում է ԵՄ համաձայնագիրը

62
(Թարմացված է 17:58 09.04.2018)
ՀՀ–ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներն անդրադարձան նաև ԼՂ հակամարտությանը` ԵՄ–ին կոչ անելով Հայաստանի հետ լինել անկեղծ ու իրերը կոչել իրենց անուններով։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարևորեց, որ դրույթները, որոնք ներկայացված են համաձայնագրում, իրականություն դառնան և չմնան թղթի վրա։ Իսկ դրա համար հարկավոր է, որ համաձայնագիրը վավերացվի ու դրվի ընթացքի մեջ։

Ռուստամյանի համոզմամբ` համաձայնագիրը Եվրամիության քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու հնարավորություն է Հայաստանի համար, ինչը հատկապես կարևոր է ԼՂ խաղաղ կարգավորման համար։

«ԵՄ դերը չափազանց մեծ է լինելու, որ օբյեկտիվ տեսակետներ արտահայտող խոսափող դառնա և կարողանա հակամարտող կողմերին բերել կառուցողական դաշտ։ Շատ հեշտ է գրել` կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, բայց մենք գիտենք այդ խաղաղությանն ու կայունությանը սպառնացող սուբյեկտն ով է, վտանգները որոնք են»,- ասաց Ռուստամյանն` ընդգծելով, որ տարածաշրջանային կոնֆլիկտներից մեկը` Լեռնային Ղարաբաղի խնդիրը, պետք է լուծվի այն կարևոր սկզբունքների հիման վրա, որոնք առաջադրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն էլ հայտնեց, որ համաձայնագրում ներառված է հակամարտության կարգավորման հարցը և ամրագրված է կարգավորմանը` բանակցությունների միջոցով հասնելու անհրաժեշտությունը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։

«Այն Հայաստանի համար սահմանում է ոչ միայն աշխատանքի մեծ, լայն օրակարգ, այլև նոր պատասխանատվություն, և ես` որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ և որպես ՀՀ քաղաքացի, շատ եմ ցանկանում, որ այն բոլոր բարեփոխումները, որոնք համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել, իրականացվեն ոչ միայն խոսքով, այլև գործով»,- ասաց Զոհրաբյանը` հույս հայտնելով, որ Եվրամիությունը ևս ազնիվ կգտնվի Հայաստանի նկատմամբ ու իրերն ու իրողությունները կկոչի իրենց անուններով։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն իր խոսքում կարևորեց համաձայնագրի հանրայնացումն ու դրա ներկայացումը հանրությանը։

«Շատ կարևոր է, որ մեզ և մեր եվրոպացի գործընկերների համար շատ կարևոր այս փաստաթուղթը կարողանանք ներկայացնել մեր ժողովրդին` ոչ թե ստանձնած պարտավորության համատեքստում, թե` ունենք նման խնդիրներ և պետք է դա անենք, այլ պետք է կարողանանք այս կարևոր ռազմավարական նշանակության փաստաթուղթը բացատրել մեր ժողովրդին, որ սա բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից»,- ասաց Հակոբյանը։ Նրա խոսքով, այս համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունը բարձրացնում է նախկինում երբևէ չունեցած նոր մակարդակի։

Քննարկման մասնակիցները միաձայն հավանություն տվեցին համաձայնագրի վավերացման օրինագիծը ԱԺ օրակարգ ներառելու հարցին։

Որոշվեց նաև դիմել ԱԺ ղեկավարությանը վաղը` ապրիլի 10-ին, ԱԺ-ում ԵՄ-ի հետ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի շուրջ խորհրդարանական ընդլայնված կազմով 3- ժամյա քննարկում անցկացնելու առաջարկով։

Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։

ԵՄ–Հայաստան համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։

62