Երդմնակալություն

Ինչպես են երդվել Տեր–Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը. նմանություններ և տարբերություններ

221
(Թարմացված է 18:22 11.04.2018)
Թեև տարիների ընթացքում ձևավորվել են ՀՀ նախագահների երդմնակալության արարողությունների կայուն ընթացակարգեր, այդուհանդերձ, դրանք ունեցել են նաև որոշակի տարբերություններ:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Այսօր` ապրիլի 9-ին, ճիշտ կեսօրին տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Անկախ Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ սա նախագահի 7-րդ երդմնակալության արարողությունն է:

Sputnik Արմենիան վերհիշել է` ինչպես են անցկացվել նախկին նախագահների երդմնակալության արարողությունները, և ինչ առանձնահատկություններ են դրանք ունեցել։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդման արարողությունը տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 21-ին, Գերագույն խորհրդի հատուկ նիստում, այն ժամանակվա ԳԽ` Մելիք Ադամյան փողոցում գտնվող նիստերի դահլիճում։

Եվ, քանի որ Հայաստանը դեռ չուներ Սահմանադրություն ու նաև դրանով սահմանված երդմնակալության հատուկ ընթացակարգ, Մատենադարանի ավագ գիտաշխատող Լևոն Տեր–Պետրոսյանն ինքը որոշեց, թե ինչ գրքի վրա պետք է երդում տա։ Առաջին նախագահն առաջին երդումը տվեց` ձեռքը դնելով Մատենադարանի հնագույն ձեռագրի` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա: Եվ, քանի որ չկար նաև սահմանադրորեն հաստատված երդման տեքստ, Լևոն Տեր–Պետրոսյանն արտասանեց իր սրտից բխող երդման բավական երկար տեքստ։

2-րդ անգամ Լևոն Տեր–Պետրոսյանը երդվեց 1996թ.-ի նոյեմբերի 11–ին` ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Հայաստանն արդեն ուներ Սահմանադրություն, որի համաձայն Նախագահական երդումը պետք է տրվեր աջ ձեռքը Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա դրված։

ՀՀ նախագահի երդման երկրորդ արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում, Ազգային ժողովի շենքում:

Նախագահի երդմնակալության երրորդ արարողությունը տեղի է ունեցել 1998 թվականի ապրիլի 9-ին, երբ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ ընտրություններով ՀՀ նախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ օրվանից հետո ՀՀ նախագահների բոլոր երդմնակալությունները կայացել են հենց ապրիլի 9-ին, քանի որ այդ ժամկետները սահմանված էին ՀՀ Սահմանադրությամբ։ Բացառություն կարող էր լինել միայն արտահերթ ընտրությունների դեպքում։

Ի տարբերություն իր նախորդի, ՀՀ երկրորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում գումարված ԱԺ հատուկ նիստում։

Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությամբ նախատեսված երդման տեքստն արտասանեց իր նախորդի ձևավորած ավանդույթը չխախտելով` աջ ձեռքը միաժամանակ և՛ Սահամանդրության և՛ Վեհամոր Ավետարանի վրա դրած:

Քոչարյանի երդմնակալության արարողության նորամուծությունն այն էր, որ երդմնակալության խորհրդանիշ դրոշը, Ավետարանն ու Սահմանադրությունը նիստերի դահլիճ բերվեցին հատուկ հանդիսավորությամբ` հանվելով ՀՀ նախագահի նստավայրից, Մատենադարանից ու Սահմանադրական դատարանից և շքախմբի ուղեկցությամբ հասցվեցին դահլիճ։

2003-ին ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրված Քոչարյանի երդմնակալության ժամանակ նույն արարողակարգը պահպանվեց։ Միակ տարբերությունն այն էր, որ ԱԺ հատուկ նիստն այս անգամ գումարվեց կառավարության համագումարների պալատում:

2008 թվականին կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին երդմնակալությունը, և քանի որ այն առաջինն էր 2005 թ–ին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո, նախագահն ընթերցեց երդման փոփոխված տեքստը։

Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվեց, ինչպես Քոչարյանի առաջին երդմնակալության ժամանակ, Օպերայի և բալետի շենքում, ուր արդեն ձևավորված հանդիսավոր կարգով բերվեցին խորհրդանիշները։ Նախագահը երդվեց` աջ ձեռքը Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա:

2008-ի հիմնական նորամուծությունը Ազատության հրապարակում տեղի ունեցած խորհրդանշական շքերթն էր, որով ՀՀ զինված ուժերն, ըստ էության, իրենց հավատարմությունը վկայեցին ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին:

Բացի այդ, արարողությունից հետո առաջին անգամ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ նախորդ և նորընտիր նախագահների հանդիպում:

2013-ի ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, երդմնակալության խորհրդանիշները բերվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ առաջին անգամ գումարվեց ԱԺ արտահերթ նիստը։ Երդմնակալության արարողությունից հետո Սերժ Սարգսյանն այցելեց Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապա ծաղկեպսակ տեղադրեց Եռաբլուրի հիշատակի պատի մոտ։

Իսկ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի դիմավորեցին նախորդ երդմնակալությունից հետո ավանդական դարձած զինվորական շքերթով։

Այսօր` 2018թ.–ի ապրիլի 9–ին, 2016թ.–ի դեկտեմբերի 6–ին կայացած սահմանադրական բարեփոխումների համաձայն` արդեն Հայաստանի խորհրդարանական հանրապետությունում ՀՀ 4–րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը կրկին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում կերդվի Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, բայց արդեն մի փոքր այլ տեքստով։

221
Ըստ թեմայի
Վերջին շնորհավորանքը նախագահի պաշտոնում. ի՞նչ է մաղթել Սերժ Սարգսյանը հայ կանանց
Սարգսյանը կգնա՞, թե՞ կմնա. նախագահը չի կողմնորոշվում
Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա մեկ նախապայմանով. Tert.am