Երևան

Քանի միլիարդ արժե ավելի կանաչապատ Երևանը

93
(Թարմացված է 18:28 06.04.2018)
Վարդակակաչներն արդեն բացված են, տնկիները` գնված։ Sputnik Արմենիան հաշվել է` որքան գումար է քաղաքապետարանը ծախսել այս տարվա կանաչապատման համար և ինչ արդյունք կտա այդ գումարը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Նելլի Դանիելյան. Երևանի այգիները, պուրակները, մայթերին հարակից ծաղկային տարածքներն արդեն գեղեցկացրել են գույնզգույն վարդակակաչները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը` հավելելով, որ մայրաքաղաքն այսօր զարդարող ծաղիկները 2017թ–ի նոյեմբերին տնկված և այս տարի գարնանը բացված 750-800 հազար վարդակակաչներն են։

Քաղաքապետարանի հաշվարկով` այս ծաղիկները Երևանի փողոցները կզարդարեն մինչև ապրիլի կեսը, որից հետո կփոխարինվեն Երևանի ջերմատանն աճեցված և ներկրված սեզոնային նոր ծաղիկներով:

Թե որքան նոր ծաղիկ կգնի քաղաքապետարանն ու ինչ գնով դեռ չի հրապարակվում։

Փոխարենը հայտնի է, թե քանի նոր ծառ կտնկվի այս տարի Երևանում։

Ա/Ձ Նարեկ Մայիլյանի հետ այս տարի փետրվարին կնքված պայմանագրով քաղաքապետարանն ավելի քան 15000 տնկի է ձեռք բերել` 1200 սոսի, 160 սյունաձև թույա, 13750 այլ դեկորատիվ տնկիներ։ Դրանց դիմաց, ընդհանուր առմամբ վճարվել է 17 944 500 դրամ։

Բացի այդ, Երևանը զարդարող բուսատեսակների բնական աճն ապահովելու համար քաղաքապետարանը 78 734 472 դրամի բուսահող և 25 մլն դրամի էլ պարարտանյութ ու քիմիկատներ է գնել։

Տարվա ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կանաչապատման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին էլ քաղաքապետարանն այս տարի 4 084 604 000 դրամ է վճարել։

Բնապահպան Կարինե Դանիելյանը Երևանի կանաչապատման համար ծախսվող գումարների արդյունավետությունը գնահատում է մայրաքաղաքի կանաչ տարածքների գոյությամբ։

«Եվ՛ ծաղկապատում, և՛ կանաչապատում, իրոք, իրականացվում է, բայց քաղաքաշինությունը միշտ գնում է հակաէկոլոգիական ճանապարհով։ Այն հատվածներում, որոնք այս տարի կանաչապատվում են, երկու տարի անց սկսում են կառուցապատվել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դանիելյանը։

Բնապահպանը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ մայրաքաղաքում բացվող խոշոր առևտրի կետերի, բանկերի, սպասարկման այլ օբյեկտների դիմաց նույնիսկ մայթերին աճող ծառերը համատարած հատվում են, խոտածածկերը` ասֆալտապատվում։

Երևանի կլիմայական պայմաններում կանաչը պահպանելու համար, Կարինե Դանիելյանի խոսքով, անդադար խնամք է հարկավոր։ Եթե ծառատունկից հետո ծառերը պատշաճ խնամք չեն ստանում, դրանք ուղղակի կորչում են։

Կարինե Դանիելյանը նաև ափսոսում է Երևանին բնորոշ ծաղկող թփերը, որոնք տարեցտարի ավելի են պակասում ու արդեն գրեթե վերացել են։ Մինչդեռ թփերն անհամեմատ էժան, բայց գեղեցիկ լուծում էին մայրաքաղաքի փողոցների ձևավորման համար։

Ինչ վերաբերում է Երևանը զարդարող ծաղիկներին, բնապահպանը դրանց համար ծախսված գումարը վատնում չի համարում։ Դրանք, թեև էկոլոգիական խնդիր չեն լուծում, բայց Երևանին մայրաքաղաքին հատուկ տեսք են հաղորդում։

93
Ըստ թեմայի
Հայ լուսանկարիչը կարողացել է որսալ հյուսիսային մայրաքաղաքի ոգին. լուսանկարներ
Մայրաքաղաքի ասֆալտապատումը կձգվի ևս 20 օր
Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կվայելեն չափազանց համեղ հայկական ուտեստներ
Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին