Նեթանյահուի և Էրդողանի նկարներն այրել են

Իսրայելը Հայոց ցեղասպանությունը ճիպոտ է դարձրել Էրդողանի դեմ, Հայաստանը ի՞նչ կշահի դրանից

283
(Թարմացված է 21:41 05.04.2018)
Ամեն անգամ, երբ Իսրայելի և Թուրքիայի միջով սև կատու է անցնում, կամ պարզապես երբ դա նրանցից ինչ-որ մեկին ձեռնտու է, Անկարան թափահարում է իր անոսկոր լեզուն, իսկ Թել Ավիվն, իհարկե, դա անպատասխան չի թողնում։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք պարտադիր սկսում են սպառնալ տհաճություններվ և պատժամիջոցներով։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Հենց այդպես եղավ վերջերս։ Էրդողանը, որը ժամանակ առ ժամանակ հիշում է գոնե խոսքերով մուսուլմանական աշխարհի առաջնորդ ձևանալոււ անհրաժեշտության մասին, զայրանալով Գազայի սահմանին Թել Ավիվի գործողություններից` Իսրայելն «ահաբեկչական պետություն և բռնազավթիչ» անվանեց, իսկ Նեթանյահուին` «ահաբեկիչ»։ Իսրայելի վարչապետն, իր հերթին, հարձակվեց Թուրքիայի նախագահի վրա և հայտարարեց, որ աշխարհում «ամենաբարոյականը» համարվող Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր չէ «խրատ լսել նրանից, ով երկար տարիների ընթացքում ռմբակոծում էր քաղաքացիական բնակչությանը»։

Թվում էր, թե խոսեցին, և վերջ` «սիրահարները կռվելով` միայն ավելի են սիրում միմյանց»։ Առաջին և վերջին անգամը չէ, որ ականատես ենք լինում իսրայելա-թուրքական սուր արտահայտությունների փոխանակմանը։ Ընդդիմախոսները սովորաբար չեն ամաչում արտահայտվել, թեև, պետք է խոստովանել, լեզվակռվի նախաձեռնության մեջ կասկածելի առաջնահերթությունը Թուրքիային է պատկանում, Իսրայելը, որպես կանոն, միայն պատասխանում է։ Պայքարը հանդարտվում է, և երկու պետությունների անկոտրուն բարեկամությունը շարունակում է զարգանալ և ամրապնդվել։

Սակայն գրեթե միշտ, երբ երկու նախագահները սկսում են իրենց գործերով զբաղվել, իսրայելական իսթեբլիշմենթից հայտնվում է մեկը, որը կոչ է անում պատժել Անկարային։ Եվ շատ հաճախ որպես Էրդողանի և նրա «ընկերության» համար նախատեսված ճիպոտ ` շահարկվում է Հայոց ցեղասպանության թեման։ Եվ հիմա նորից դա սկսվեց։

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, Նեթանյահուից հետո Էրդողանին պատասխանելով, նրան անվանել է «հրեատյաց, որը շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ին» և նշել, որ «Իսրայելը պետք է միջազգային ասպարեզում գործողություններ ձեռնարկեր Թուրքիայի դեմ և ճանաչեր Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունը»։

Էրդանը զարգացրեց իր միտքն` ասելով, որ Իսրայելը պետք է ամբողջ աշխարհին ներկայացնի թուրքական էությունը` այդ թվում հայերի սպանության ճանաչումը։ «Մենք պետք է հակազդենք Էրդողանի թշնամանքին և հրեատյացությանը։ Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում` Թուրքիայի նման երկիրը քրդերի է ոչնչացնում, զբաղեցնում Հյուսիսային Կիպրոսը, սակայն Արևմուտքի համար լեգիտիմ պետություն է համարվում», — հայտարարել էր նախարարը։

Եվ Ցեղասպանության ճանաչման այս սպառնալիքը կրկին նորություն չէ։ Սակայն այս անգամ հաճելիորեն զարմացրել է հայրենական ԶԼՄ-ների արձագանքը, որոնք սովորաբար հիանում են Ցեղասպանությունը ճանաչելու ինչ-որ մեկի մտադրությամբ, թող որ այն արվել է անկեղծ շանտաժի տեսքով։ Մենք, հավանաբար, վերջապես իմունիտետ ենք ձեռք բերել նման հայտարարությունների նկատմամբ, և հայկական պարբերականները կամ ընդհանրապես անտեսել են Էրդանի խոսքերը կամ մեջբերել դրանք առանց սեփական մեկնաբանությունների։

Եվ դա ճիշտ արձագանք է։ Ժամանակն է դադարեցնել նման արտահայտությունների խրախուսումը և, առավել ևս, ուրախանալ դրանցով. ցեղասպանության թեման չպետք է ներառել այն թեմաների ցանկում, որոնք կարելի է շահարկել։ Հետաքրքիր է պարոն Էրդանին և Իսրայելի հասարակությանը դուր կգա՞ր, եթե որևէ մեկը ճիշտ նույնկերպ վերաբերվեր Հոլոքոսթի թեմային` ճանաչենք այն` ի հեճուկս որևէ մեկի, իսկ եթե այդ «որևէ մեկը» իրեն լավ պահի, ապա չենք ճանաչի։

Իհարկե, Էրդանին և Իսրայելի իսթեբլիշմենթի մյուս ներկայացուցիչներին չենք սովորեցնելու տարբերել թույլատրելի արտահայտությունները անբարոյականներից, այդ մարդկանց դաստիարակության վրա չենք կասկածում։ Պարզապես հույս ունենք, որ Իսրայելում ամեն դեպքում կհասկանան` ցեղասպանության թեման չպետք է և չի կարող լինել սպառնալիքի և վախեցնելու միջոց։

Մյուս կողմից` հասկանում ենք, որ նրանք, ովքեր սեփական բացառիկությունը հիմնավորում են իրենց ժողովրդի վերապրած Հոլոքոսթով, գաղափարապես չեն կարող ընդունել, որ ուրիշների հետ նույն կերպ են վարվել։ Թող նման բացառիկություն լինի, ի սեր աստուծո, պարզապես դադարեք Ցեղասպանությունից ճիպոտ սարքելը։

283
թեմա:
Հայոց ցեղասպանություն (217)
Ըստ թեմայի
Իսրայելը հեշտությամբ կարող է ներսից «պայթեցնել» Թուրքիան․ Էսքին
Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ընդդեմ Թուրքիայի. «հանունի» կամ «ընդդեմի» իսրայելական միտումները
Իսրայելը հաճոյանում է Հայաստանին. պատրա՞ստ է արդյոք Թել Ավիվը դաս տալ Էրդողանին
Իսրայելը կարող է Թուրքիային պատասխանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով. արաբագետ