Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը պատասխանել է Հայաստանը «խամաճիկային պետություն» անվանողներին

85
(Թարմացված է 20:55 04.04.2018)
Սարգսյանն ընդգծել է, որ հիմա Հայաստանը փոխգործողության իր ձևաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի օրինակ է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին։

«Անկախության առաջին իսկ օրերից մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն՝ «կամ, կամ» սկզբունքով: Մեր մոտեցումը մշտապես բխել է այն համոզմունքից, որ երկրի դիրքորոշումը այս կամ այն գործընթացի, առավել ևս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների նկատմամբ, պետք է հիմնված լինի փոխադարձ խորը հարգանքի և ընդհանուր, համատեղ՝ պատմությանը և արժեհամակարգին հարիր վերաբերմունքի վրա, որոնց շուրջ էլ կառուցվում է քաղաքականությունը:

Եվ սա առաջին հերթին վերաբերում է անվտանգության խնդիրներին»,–ասել է նախարարը և հավելել, որ Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի և՛ մեր ընկերների ու դաշնակիցների, առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և՛ մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի խաչման կետում:

Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ «բարյացակամորեն» տրամադրվածներն ամենուր են, ովքեր լոբբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Հայաստանը Արևմուտքին ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»:

«Բարեբախտաբար, «բազմակենտրոն աշխարհի» բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների համակարգի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետևողական ու թափանցիկ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները: Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայացած նիստին` նվիրված Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, բոլոր ելույթ ունեցողները՝ ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ եվրոպական կառույցներից, բերում էին Հայաստանի օրինակը՝ որպես փոխգործողության իր ձևաչափերը առավել արդյունավետորեն համադրող երկրի»,– ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

85