Համակարգչային լատինատառ հայերենին վարժված հայ երեխաները դպրոցում, հայոց լեզվի տետրում «ձուկ» բառը գրում են «դզուկ» կամ հայերեն տառերի փոխարեն գրում են լատինական տառերով։
Հայաստանյան դպրոցների ուսուցիչներից լսած այս պատմությունները Հայկ Դավեյանին դրդել է մտածել Հայաստանում հայոց լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին։
Երկար մտածելուց հետո Հայկը կանգ է առել համազգային թելադրություն կազմակերպելու գաղափարի վրա, որն իրականություն կդառնա մարտի 18-ին։
«Քանի որ Ռուսաստանում նման թելադրություններ անցկացվում են 2014թ-ից սկսած, Հայաստանում կազմակերպելու գաղափարը մեզ առաջարկեց մի ռուս աղջիկ, որ Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից ու հիմա հայերեն է ուսումնասիրում»,- ասաց Հայկը։
Ռուսական նախագիծը՝ Тотальный диктант, գոյության 4 տարիների ընթացքում տարեցտարի ավելի ու ավելի շատ մասնակիցների է ընդգրկում։
Հայաստանյան նախագծի նախաձեռնողները ևս աշխարհի հայերին գրավելու ծրագրեր ունեն, բայց այս տարի ակցիայում ներգրավել են միայն Մոսկվան, Երևանը, Գյումրին ու Դիլիջանը։
Հանրության հետաքրքրությունը շարժելու համար թելադրողների դերում ընտրվել են հանրությանը հայտնի դեմքեր` հեռուստահաղորդավարներ Եգոր Գյումովը, Սերգեյ Սարգսյանը, Էրիկ Անթառանյանը, նախկին վարչապետ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ։
Հարցին, թե ռուսերեն կրթությամբ անձինք կկարողանա՞ն արդյոք թելադրության պատշաճ մակարդակ ապահովել, Հայկ Դավեյանը պատասխանեց. «Լեզվաիմացությամբ պայմանավորված հնարավոր խնդիրներից խուսափելու համար մենք թելադրողներին որոշակի ցուցումներ ենք ներկայացրել` ինչպես պետք է թելադրել, ինչ արագությամբ։ Փորձելու ենք դա կարգավորել»։
«Արմքոմեդի» հաղորդաշարի համահեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանն էլ հույս հայտնեց, որ կկարողանա կատարել իր վրա դրված պատասխանատու առաքելությունը։
«Վերջին 20 տարում ես իմ հայերենի վրա աշխատել եմ, այնպես որ կարծում եմ, հայոց լեզվի մեջ գրանցած իմ հաջողությունները ես կօգտագործեմ, ու թելադրությունը կանցնի ի նպաստ մեր ժողովրդի զարգացման»,- ասաց նա։
Սերգեյը պատմեց, որ մեծ սիրով է ընդունել թելադրությունը կարդալու առաջարկը, հատկապես, որ թելադրության հետ կապված մանկական հիշողությունները բացառապես բացասական են, և թելադրելն ավելի հեշտ է, քան գրելը։
«Լավ առիթ է, որ թելադրության նկատմամբ մանկական հոգեբանական վախերը` կապված սխալվելու հետ, վերջապես հաղթահարվեն ու թելադրությունն ասոցացվի ինչ-որ դրական իրադարձության հետ,- ասաց Սերգեյն ու հավելեց,- այս թելադրության լավն այն է, որ ոչ ոք չի իմանում քո սխալների մասին, միայն դու ես իմանում ու կարողանում ես աշխատել քո վրա»։
Թելադրության գնահատականներն ու սխալների վերլուծությունները մասնակիցներին ուղարկվելու են էլեկտրոնային նամակներով, մասնակիցները գրանցվելու են ծածկագրերով, այնպես որ ոչ ոք չի իմանա, թե ով ինչ մակարդակի գրավոր է գրել։
«Ընդհանրական վերլուծություն է արվելու, թե ինչ համատարած սխալներ կան, որ կանոններն են պահպանվել մեծ մասի մոտ։ Այսպիսի վերլուծության արդյունքները ընդհանուր կհրապարակվեն»,- ասաց Հայկ Դավեյանը։
Համազգային թելադրությանը մասնակցելու համար teladrutyun.am կայքում արդեն շուրջ 600 մարդ է գրանցվել։ Ի տարբերություն թելադրողների, գրանցվածների մեջ հանրային դեմքեր չկան։
Գրանցվածների 80-90%-ը կանայք և աղջիկներ են։ Ամենամեծ մասնակիցը 63 տարեկան է, ամենափոքրը` 10։
Թելադրության համար ընտրվել է հայ գրողներից մեկի հայտնի ստեղծագործության երկու հատված, որոնցից մեկը մարտի 17-ին թելադրվելու է Մոսկվայում, մյուսը` մարտի 18-ին, 14։00-ին` Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։
Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։
«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա նա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։



