Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանի աթոռը շատ է ճոճվում. գեներալիտետը նրան փոխարինող է գտել

143
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ գեներալիտետը կպարտադրի ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հանրապետական կուսակցության շրջանակում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ օրաթերթը։

Պարբերականը հայտնում է, որ Երևանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել: Թերթին հայտնի է դարձել, որ հանդիպմանը ներկա է եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը և որոշակի ազդեցություն ունեցող այլ անձինք:

«Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, գեներալիտետը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի, և այս օրերին արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել՝ սույն շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Խոսքը Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին է»,- գրում է թերթը` հիշեցնելով, որ մինչ ԱԻՆ տեղափոխվելը Տոնոյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք:

Պարբերականին հայտնի է դարձել, որ գեներալիտետի նախաձեռնած հանդիպումները շարունակական են լինելու, և մինչ ապրիլի 9-ը, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, վերջինիս կներկայացվի, թե ինչպիսի լայն շրջանակ է Դավիթ Տոնոյանին ապագա կառավարությունում տեսնում որպես ՀՀ պաշտպանության նախարար:

Զինվորական բարձրագույն շրջանակում համարում են, որ այս պոստում Հայաստանին լուրջ ստրատեգ է պետք: Ի դեպ, այստեղ ի սկզբանե դեմ են եղել Վիգեն Սարգսյանին ՊՆ տեղափոխելու որոշմանը:

Վիգեն Սարգսյանին էլ նախարարի կարգավիճակով արտաքին գործերի նախարարություն տեղափոխելուց բացի քննարկվում է նրան Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հնարավորությունը ևս»:

143