ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ը՝ ցերեկը, կնվազի 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների:
Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:
Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:
Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` դեկտեմբերի 29-ին ժամը 08:00-ից մինչև 19:00 Լարսի սահմանային անցակետը հատել է 1252 միավոր տրանսպորտային միջոց:
Սահմանային անցակետը դեռևս չի գործում բնականոն ռեժիմով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 610 միավոր տրանսպորտային միջոց:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են


