Թադևոս Ավետիսյան

Արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելավճարը պետք է վերացնել. փոխնախարար

330
(Թարմացված է 16:35 22.12.2017)
Այսօր արտաժամյա աշխատանքի համար տրվող հավելավճարը երաշխավորվում է օրենքով, գոնե թղթի վրա։ Կառավարությունն այլ առաջարկ ունի, ըստ որի`գործատուն ու աշխատողը կարող են առանձին պայմանավորվածություն ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում արտաժամյա ու գիշերային աշխատանքի համար հավելավճարը ճիշտ կլինի հանել, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը։

Նախարարն այս գաղափարն արտահայտել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ ներկայացնելիս։ Այս և այլ փոփոխությունները կառավարությանը կներկայացնեն հունվարին, ԱԺ-ին` ամենայն հավանականությամբ, գարնանը։

Փոխնախարարի խոսքով, ճիշտ կլինի, որ գործատուն ու աշխատողը հավելավճարի մասին պայմանավորվեն իրար հետ։

«Այլապես գործատուն կարող է հավելավճար գրել, աշխատավարձը նվազեցնել։ Ասենք, մարդը 100 հազար դրամ էր ստանում, իսկ հիմա ստանում է 70+30։ Ի՞նչ տարբերություն։ Այդ պատճառով էլ ավելի լավ կլինի, եթե աշխատողն ու գործատուն պայմանավորվեն` հաշվի առնելով փոխադարձ շահերը»,- ասաց Ավետիսյանը։

«Իսկ արդյո՞ք գործատուն հաշվի կառնի աշխատողի շահերը» հարցից հետո Ավետիսյանը նկատեց, որ երաշխավորված հավելավճարներ նախատեսված չեն անգամ զարգացած երկրներից շատերում։

Միաժամանակ աշխատողներին արձակուրդ տալու իրավունքն ավելի հաստատուն է դառնում։ Նա կարող է արձակուրդը վերցնել նաև հաջորդ տարի, բայց ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը պետք է տրամադրվի ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել ամենամյա արձակուրդը։ Աշխատողին ամենամյա արձակուրդ չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք` աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը։

330