Ծորակ

Կառավարության վերջին բարությունը. ջուրը չի թանկանա

64
Հայաստանցիներին կսուբսիդավորեն, բայց վերջին անգամ։ Վարչապետը զգուշացրեց՝ այլևս չի լինելու։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 1-ից խմելու ջուրը չի թանկանա։ ՀՀ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր կառավարությանն առաջարկեց սուբսիդավորել ՀՀ բոլոր սպառողների օգտագործած ջրի վարձավճարների թանկացած մասը։ Արդյունքում ջրի գինը սպառողի համար հունվարի 1-ից չի թանկանա, կմնա նույնը։

Կառավարությունն այս առաջարկն ընդունեց, թեև վարչապետին այնքան էլ դուր չեկավ։

«Սա վերջին անգամ է, որ մենք տոտալ բոլորին սուբսիդավորում ենք։ Հաջորդ տարվանից նման բան չի լինելու»,- զգուշացրեց նա՝ ավելացնելով, որ հաջորդ տարվանից կառավարությունը սուբսիդավորելու է միայն սոցիալապես անապահով խավերին։

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկ խորանարդ մետր ջրի սակագինը նախկին 180 դրամի փոխարեն սահմանվել է 191,414 դրամ։ Նախատեսված էր, որ այն պետք է բարձրանար 6 դրամով, բայց բարձրացավ 11-ով, քանի որ հանրապետությունում ավելի քիչ ջուր է օգտագործվել, քան նախատեսել էին օպերատորն ու պետությունը։

64