ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. N1 տուն-ինտերնատն այսօր սովորականից աշխույժ էր։ 72 բնակիչների մեծ մասը քայլել չի կարողանում, բայց կարևոր հյուրերի այցի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցում էին գրեթե բոլորը։
Հապճեպ կարգի էին բերում անկողինները, ամենօրյա խալաթները փոխում տոնականով։
Պապիկներն ու տատիկները հանդիպեցին ու ճաշեցին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզիի, նրա կնոջ և որդու հետ։
«Բոլորի համար հաճելի է նայել խնամված կնոջը, նույնիսկ եթե ինձ նման 70 տարեկան է։ Մատներս հարդարել եմ ոչ միայն այսօրվա տոնի կապակցությամբ։ Կինը պետք է կոկիկ լինի, եթե դուք մեզ մոտ գաք վաղը կամ մեկ տարի անց, ես նույն տեսքն եմ ունենալու», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտ Զախարյանը` կոկետորեն ուղղելով մազերն ու թևնոցը։

Նախկինում Անահիտը հեռախոսավարուհի է եղել և նույնիսկ հասցրել է աշխատել Հայաստանում առաջին անհատական համակարգիչներով։ Արդեն մոտավորապես տասը տարի է` բնակվում է տուն-ինտերնատում։ Ազատ ժամանակ հեռուստացույց է դիտում, թերթեր և ամսագրեր կարդում, սիրում է մեկ բաժակ սուրճի շուրջ զրուցել սենյակի հարևանների հետ։
Նախարարի և դեսպանի հետ հանդիպմանը նախապատրաստվել էր նաև 80-ամյա Գրետա Մանուչարյանը։ Նա դեսպանին և նրա տիկնոջը նվիրեց թաշկինակներ, որոնք սեփական ձեռքերով էր ասեղնագործել։

«Ոչ ոք չի հավատում, որ ես առաջին խմբի հաշմանդամություն ունեմ, այնպիսի բաներ կարող եմ կարել», — ասաց Քնարիկ տատիկը։
Միակ բանը, որի մասին նա երազում է այսօր, 160x150 չափի կտավ կարելն է։ Այդ կտավի վրա պետք է անպայման պատկերի եկեղեցի, Քրիստոսին, ջրվեժ, անտառ, քարեր և եղնիկներ։
Անցյալում նկարիչ, 70-ամյա պապիկ Յուրի Գևորգյանը չի բողոքում կյանքից, միակ բանը, որն անհանգստացնում է նրան, կուրությունն է։ Երկարատև հիվանդությունից հետո կորցրել է տեսողությունը, բայց դեռ հույս ունի, որ ամեն դեպքում հրաշք տեղի կունենա, և նա կրկին կկարողանա ձեռքը վերցնել վրձինն ու ներկերը։

Նա իր երազանքի մասին հասցրեց պատմել Քուվեյթի դեսպանին։ Ի դեպ, տարեց մարդկանց խնամքի և վերականգնման N1տուն-ինտերնատը Երևանում կառուցվել և բացվել է Քուվեյթի ֆինանսական օգնությամբ։ Եռահարկ շենքի շինարարության վրա ծախսվել է շուրջ 1 միլիոն 400 հազար դոլար։
Քուվեյթի դեսպանը լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ Ամանորից հետո կրկին կվերադառնա տուն-ինտերնատի բնակիչներին օգնելու հարցերին և պատրաստ է աջակցել աշխատանքի նախարարությանը նման նոր ծրագրում։
«Քուվեյթի էմիրը շահագրգռված է մեր երկրների միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման մեջ», — ասաց Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզին։
Ասատրյանն իր հերթին նշեց, որ այդ շենքը հիանալի նվեր է Քուվեյթից Հայաստանին։ Եթե նախկինում տարեց մարդիկ, որոնք հիվանդանոցային խնամքի կարիք ունեին, ապրել են վատ պայմաններում, ապա այսօր նրանք մեկ կոճակ սեղմելով կարող են իրենց սենյակ կանչել բուժքրոջը և սանիտարուհիներին։
«Շենքում կա շուրջօրյա օդափոխություն, որն անհրաժեշտ է։ Սակայն մենք այդքանով չենք բավարարվի, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք», — ասաց Ասատրյանը։
Տարեցների խնամքի և վերականգնման N1 տուն-ինտերնատի նոր շենքը Երևանում բացվել է 2016թ-ին դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք։ Այսօր ինտերնատը 72 բնակիչ ունի, տունը հագեցած է համապատասխան սարքավորումներով, ստեղծված են պատշաճ պայմաններ սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բուժօգնության համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։
Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։
Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։
Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։
Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն 500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։
Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։
«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։



