Նալբանդյանի ու Նեթանյաուի հանդիպումը

Քիթ քթի հանդիպում. ինչո՞ւ են Հայաստանն ու Իսրայելը դեմ առ դեմ քննարկել դրոնների թեման

66
Իսրայելը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում։ Այդ է վկայում նաև Նալբանդյանի և Նեթանյահուի վերջին հանդիպումը, որի ընթացքում Իսրայելը պարզաբանել է դրոնների հետ կապված պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահները` դոկտոր Ալեքսանդր Ցինկերը և գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը քննարկել են գալիք տարում համագործակցության հեռանկարները և պարզաբանել, թե ինչու դրոնների հետ կապված միջադեպը չի կարող խանգարել երկկողմ համագործակցությանը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ցինկերը։

Ցինկերը Երևան է ժամանել Հայաստանում և Վրաստանում Իսրայելի առաջին դեսպան, «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի անդամ Բարուհ Բեն Ներիայի հետ։

«Մենք համաժողովի հայ համանախագահ, գեներալ-լեյտենանտ Քոթանջյանի հետ ընտրել ենք երկու հիմնական ուղղություն 2018թ-ին համագործակցությունը խորացնելու համար` ՏՏ ոլորտը և ագրոբիզնեսը», — ասաց Ցինկերը։

Նրա խոսքով. Իսրայելը` աշխարհում նորարարական տեխնոլոգիաների արտահանմամբ երկրորդ պետությունը, կարող է հետաքրքրել Հայաստանի ՏՏ ընկերություններին։ Բացառված չէ, որ շուտով մի նախագիծ մշակվի` Իսրայելի և Հայաստանի ընկերությունների մասնակցությամբ։

Александр Цинкер
© Sputnik / Asatur Yesayants
Ալեքսանդր Ցինկեր

Կողմերը շահագրգռված են նաև ագրոբիզնեսի ոլորտում հարաբերությունները զարգացնելու հարցում։ Իսրայելից Հայաստան պարարտանյութերի առաքումների մասին պայմանագիր կնքելու բազմաթիվ փորձերը մինչ այդ մնացել են թղթին։ Այսօր կան բոլոր պայմանները և ցանկությունը այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու համար։

«Մենք նաև ցանկանում ենք, որ Հայաստանում Իսրայելի մասին և Իսրայելում Հայաստանի մասին ավելի շատ իմանան միմյանց մասին, ԶԼՄ-ներն ավելի ակտիվ լուսաբանեն երկրներում տեղի ունեցող իրադարձությունները։ Իսրայելում Հայաստանի և Հայաստանում Իսրայելի PR-ը համաժողովի ևս մեկ նպատակն է», — ասաց Ցինկերը։

Նա վստահ է, որ անցնող տարին կարևոր էր երկկողմ հարաբերությունների համար։ Հարաբերությունների ակտիվացման խթան է դարձել Հայաստանի և Իսրայելի բարեկամության միջխորհրդարանական խմբի այցելությունը Իսրայել` Հայաստանի նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանի ղեկավարությամբ (այժմ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, խմբ.)։

Այս տարի առանցքային է դարձել նոյեմբերի 6-7-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրավերով։

«Նեթանյահուն ամեն մեկի հետ չէ, որ անձնական զրույցներ է վարում։ Ինչպես մեզ մոտ ասում են, Նալբանդյանի հետ նրանք «քիթ քթի» հանդիպում են անցկացրել։ Հանդիպման ընթացքում քննարկվել է դրոնների հետ կապված հարցը», — ասաց Ցինկերը։

Դրոնների հետ կապված միջադեպը տեղի է ունեցել ամռանը, երբ Բաքու է ժամանել Aeronautics Defense Systems պատվիրակությունը` «Օրբիրտեր-1Կ» անօդաչու թռչող սարքերի, այդ թվում` այսպես կոչված բարաժավորող զինամթերքի առաքման նոր պայմանագիրը քննարկելու նպատակով։ Ադրբեջանցի զինվորականները խնդրել են, որ նոր տեխնիկայի հնարավորությունները ցուցադրվեն հայկական բանակի դեմ իրական մարտական գործողությունների ընթացքում, բայց մերժում են ստացել։

Հայ-իսրայելական հարաբերություններն աշխուժացրել է «Հայաստան-Իսրայել» համաժողովի հասարակական չքաղաքականացված հարթակը, որն աշխատում է բարեկամության միջխորհրդարանական խմբերին աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև երկու երկրների պրոֆեսիոնալների և կազմակերպությունների միջև խորհրդատվությունների ու հետագա համագործակցության համար հող նախապատրաստելու համար։

Երկու երկրների միջև բացվել են ուղիղ չվերթեր, հաճախակի են դարձել իշխանական կառույցների ներկայացուցիչների այցերը։ Հուլիսին Երևան է ժամանել Իսրայելի տարածքային կառավարման նախարար Ցախի Անեգբին, սեպտեմբերին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Քնեսեթի փոխխոսնակը` բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի ներկայացուցիչների հետ միասին։

Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների նոր ճյուղ կարող է դառնալ վիզային ռեժիմի չեղարկումը և, որպես հետևանք, դեսպանատների բացումը, բայց դրա համար կողմերը դեռ պետք է համատեղ աշխատեն։

66