ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտակարգ գործերի նախարարության սպաները ռուսաց լեզվի դասընթացներ կանցնեն, ինչը կօգնի նրանց կարիերայի աճի հարցում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը։
Առաջիկա երեք-չորս ամսվա ընթացքում ԱԻՆ-ի 15 սպաները, որոնք ռուսերենի իմացության հատուկ թեստ են անցել, հնարավորություն կստանան դասախոսի հետ բարելավելու իրենց հմտությունները։ Դասընթացները կանցնեն Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) աջակցությամբ։ Դասընթացներից հետո սպաները վերապատրաստման նպատակով Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ մեկնելու հնարավորություն կստանան։
«Այսօր շատ կարևոր օր է։ Մենք մի գործ ենք սկսում, որը երկար ժամանակ էինք ծրագրել։ Ռուսերեն կսովորի այն կազմը, որը վերապատրաստում կանցնի Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի աջակցությամբ։ ԳՄՌԿ-ի հետ համագործակցությունն ուղղված է մեր անձնակազմի գիտելիքների կատարելագործմանը», — նշեց Գյուզալյանը։
Այս գործում, նրա խոսքով, ամենակարևորը պարապմունքներին լուրջ վերաբերվելն է, քանի որ գիտելիքները կօգնեն արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց։
«Ու որքան ավելի պրոֆեսիոնալ պատրաստություն ունենանք, այնքան ավելի անվտանգ կլինի կյանքը։ Խնդիրներ կան, որոնց վրա մենք դեռ պետք է աշխատենք, բայց ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը բարձր մակարդակով կշարունակվի», — հավելեց Գյուզալյանը։
ԳՄՌԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին իր հերթին նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի բնակիչները մեծ ջերմությամբ են վերաբերվում փրկարարներին։ «Երբ մենք առաջարկ ստացանք ՀՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Տոնոյանից, ուրախությամբ և առավելագույնս արագ փորձեցինք ռուսաց լեզվի դասընթացներ կազմակերպել»,- ասաց նա։
Նրա կարծիքով, դա կարևոր քայլ կլինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում։
«Կարծում եմ` լեզվի իմացությունը կլավացնի հատուկ ծառայությունների համագործակցությունը», — ասաց ԳՄՌԿ տնօրենը։
Ռիբինսկին փրկարարներին մաղթեց, որ ռուսաց լեզվի դասընթացներն անձնական օգուտ տան ու օգնեն բարձրանալ կարիերայի աստիճանով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան


