ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրի այցելած հյուրը կարող է ասել, որ չի տեսել Գյումրին, եթե չի եղել Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Թանգարանը, որն ավելի շատ հայտնի է Ձիթողցոնց տուն անունով, կարելի է Գյումրու այցեքարտը համարել: Թեև ժողովուրդը թանգարանը կոչում է Ձիթողցոնց տուն, սակայն Ձիթողցյանների հետ կապված միակ կապը կառույցն է ու երկու ցուցանմուշ. ամուսնական զույգի լուսանկարն ու աղջկան՝ Երանյակ Ձիթողցյանին, պատկանող թավշապատ լուսանկարչական ալբոմը:
Կառույցն ինքնին հին Ալեքսանդրապոլի նկարագիրն է: Ալեքպոլում 1860-80-ական թվականներին կառուցված բնակելի տներն այնքան են տարբերվում նախորդ ժամանակներում կառուցվածքներից, որ դասվում են ճարտարապետական հատուկ ոճի շարքին՝ սև ու կարմիր տուֆի համատեղ օգտագործում, բավականին լայն, շեշտված, սպիտակ կարեր, այսպես կոչված՝ «ղայթան դարզ»՝ կիսաշրջանաձև պատուհաններ: Նման ոճով է կառուցված նաև Գյումրիում հայտնի Ձիթողցոնց տունը:
Տունը կառուցվել է 1872 թվականին. չորս եղբայրներ Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթում են Գյումրի: Իրենց բազմանդամ ընտանիքի համար նրանք մեծ առանձնատուն են կառուցում, որը դառնում է նաև ժամանակի հայտնի շահութաբեր տներից մեկը: Այս մի տունը պատկանել է եղբայրներից մեկին՝ Պետրոս Ձիթողցյանին, որն առաջին գիլդայի աստիճան ունեցող վաճառական էր: Վերջինս համարվել է նաև բարերար, քանի որ նրա բարեգործությամբ խթանվել է կրթական գործը:
«Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն: Նախարարների խորհրդի որոշմամբ 1984 թվականից տունը դառնում է թանգարան»,- պատմում է թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը:
Ի դեպ, երբ թանգարանը բացվեց, նախկին ԽՍՀՄ տարածքում եղել է միակը՝ Խորհրդային Միության ոչ մի քաղաքում չի եղել քաղաքային կենցաղի թանգարան: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 50-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։
Թանգարանը գործել է մինչև 1988 թվականի աղետաբեր երկրաշարժը:
«Երկրաշարժից հետո թանգարանը բնակեցվել է, բայց երբեք չի դադարել գործելուց՝ այն հատվածները, որոնք բնակեցված չէին, նոր ցուցահանդեսներ էին բացվել, անգամ Փարաջանովի մասին, իսկ Լենինգրադից բերվել է մոմե տիկնիկների ցուցադրությունը: Այդ ընթացքում կարողացել ենք մշակութային կյանքն աշխուժացնել, թեկուզ ժամանակավոր ցուցադրություններով, իսկ կրկին վերաբացվել է 1997 թվականին»,- ասաց նա:

Ցուցասրահներից մեկում հին Ալեքսանդրապոլի քարտեզն է, մյուսում` քաղաքի մանրակերտը: Մանրակերտին նայելիս հայտնվում ես 1800-ականների Գյումրիում, զգում հին քաղաքի շունչը: Մյուս ցուցասրահում կարելի է պատկերացում կազմել Գյումրվա արհեստների մասին` դարբիններ, պղնձագործներ, ժամագործներ, անվագործներ և այլն: Յուրաքանչյուր արհեստ Գյումրիում ունեցել է իր դրոշը, իր խորհրդանիշը: Սենյակներից մեկը նվիրված է գորգագործությանը:
Թանգարանի ցուցասրահներում վերականգնված է նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների տեսքը։ Մի սենյակում շքեղ կահույք է, մյուսում` հասարակ սեղան ու աթոռ, մի պահարան` հին սպասքով: Սենյակներից մեկում գյումրվա ֆայտոնն է, մյուսում` լուսամուտի մոտ կանգնած աղջիկը, որը մինչ օրս դուրս է նայում՝ սպասելով սիրած տղային:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։


