ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, Հայաստանի մասնակցությամբ, ռազմական ռոբոտների կիրառման մասին բանաձևը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Եվրանեսթի պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։
ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիևում մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։
Խորհրդարանական պատվիրակությունը պատրաստել և շրջանառել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձևի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում:
Ընդունված բանաձևը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի և փաստաթղթերի, այդ թվում նաև ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների և 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:
Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձևը նախևառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը
Առաջարկվում է հակամարտությունների գոտիներում մոնիթորինգ անցկացնելու ժամանակ անօդաչու թռչող սարքեր կիրառել` խաղաղ բնակչության անվտանգության համար։
«Ցավոք, դիվանագիտությունը, այդ թվում խորհրդարանական, չի կարող կանխել բոլոր հնարավոր միջադեպերը։ Բայց գոնե կարող ենք պայմաններ ստեղծել դրանք նվազագույնի հասցնելու համար»,- ավելացրեց նա։
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների մերձեցման համար։