Երևանյան լճի ափին գտնվող քարայրը

Երևանը 100 000 տարեկա՞ն է. անօթևան ծերուկի մաքրասիրությունը պատմական բացահայտման առիթ է դարձել

2262
(Թարմացված է 11:09 04.11.2017)
Մայրաքաղաք Երևանը մեկ ամիս առաջ նշեց ծննդյան 2799–ամյակը։ Իրականում պարզվում է` Հայաստանի ներկա մայրաքաղաքի տարածքում մարդիկ բնակվել են շատ ավելի վաղ` առնվազն 100 000 տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանյան ամենահին բնակատեղին հայտնաբերվել է շատ պատահաբար, ընդամենը 50 տարի առաջ։ Այդ տարիներին մայրաքաղաքի սիրված հանգստավայր Երևանյան լճի ափին մի օր անցորդները պատահաբար ոսկորներ ու կմախքի մնացորդներ հայտնաբերեցին։

Քաղաքացիների ահազանգերին արձագանքած պատկան կառույցները պարզեցին, որ ոսկորները ռնգեղջյուրի, արջի, իշայծյամի, վայրի ցուլի ավելի քան 70 000 տարվա մնացորդներ են։

Պարզվեց, որ դրանք դուրս են բերվել Երևանյան լճի ափին գտնվող մի քարայրից, որը նախնադարյան մարդու կացարան է եղել։

Քարայրում խորհրդային տարիներին մի անտուն ծերուկ է բնակություն հաստատել։ Ու մի օր էլ որոշել է իր կացարանում մաքրություն անել` այնտեղից դուրս բերելով բոլոր «անպետք» իրերն ու մնացորդները։ Հենց այդ պատահականության շնորհիվ էլ հնագետներն իմացել են պատմական արժեք ունեցող քարայրի գոյության մասին։

«Քարայրում հայտնաբերվել են հազարից ավելի քարե գործիքներ, նետասլաքներ, նիզակի ծայրեր, բրիչներ, կոկիչներ, մարդաբանական գտածոներ, որոնց թիվն անցնում է 2500-ից»,- պատմում է Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ Անժելա Տերյանը:

Հայտնաբերված նյութերը հնագետներին առիթ են տվել ենթադրելու, որ երևանյան քարայրը նախնադարյան որսորդ-քարագործների համար ոչ թե բնակարան, այլ «արհեստանոց-կայան» է ծառայել։

Քարայրի կենտրոնում նաև 48 000 տարվա օջախատեղի է հայտնաբերվել։ Հնագետները խորհրդային տարիներին քարայրում միայն մի քանի շերտ են ուսումնասիրել։ Ավելի հին շերտերը շարունակում են հողով ծածկված ու չուսումնասիրված մնալ։ Մասնագետները կարծում են, որ դրանք շատ ավելի հին շերտեր են և մոտ 100 հազար տարվա պատմություն ունեն

Ի դեպ, այս քարայրը Երևանյան լճի ափին միակը չէ, այստեղ նմանատիպ 4-5 քարայր կա, բայց դրանք այսօր ծածկված են տիղմով ու աղբով, և որևէ մեկը դրանց ուսումնասիրությամբ չի զբաղվում։ Ստացվում է, որ 100 000 տարվա հեռավորությունից մեզ հասած պատմական գանձերն անկախ Հայաստանում կարող են հիմնովին անհետանալ։

Пещера у Ереванского озера
© Sputnik / Aram Nersesyan
Երևանյան լճի ափին գտնվող քարայրը
2262