ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանը պետք է ժամանակ շահի Քրդստանում հյուպատոսության աշխատանքները սկսելու համար, Sputnik Արմենիային ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Այժմ և՛ Բաղդադը, և՛ Էրբիլը զբաղված են ներքին իրավիճակով, Քրդստանում հայկական հյուպատոսության բացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը երկրորդ պլան է մղվում։ Արաբագետի կարծիքով` դժվար թե հյուպատոսության աշխատանքները սկսելու ձգձգումները կապված են վերջին իրադարձությունների հետ։
«Այս լարված իրավիճակում պետք է սպասել, որպեսզի ամեն ինչ մի փոքր հանդարտվի։ Այժմ դրան պատրաստ չեն նաև իրաքյան քրդերը։ Նրանք հողերը պաշտպանելու խնդիր ունեն, կենտրոնացած են Իրաքի ներսում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,– ասաց Գրիգորյանը։
Իրավիճակի զարգացումը միջազգային բնույթի բոլոր հարցերը երկրորդ պլան է մղում։ Այնպես որ, Գրիգորյանի խոսքով, նրանք կզբաղվեն նման հարցերով միայն լարվածության թուլացումից հետո։
Կառավարական զորքերի ակտիվ հարձակողական գործողությունների պայմաններում քրդերն առաջարկել են սառեցնել հանրաքվեի արդյունքները, Բաղդադին նրանք կոչ են անում բանակցություններ վարել։ Դժվար թե քրդերը, փորձագետի կարծիքով, սպասելիս լինեին, որ Իրաքի իշխանություններն այդքան կտրուկ և վճռական կարձագանքեն Էրբիլի գործողություններին։
«Նրանք չէին սպասում, որ Իրաքն իր գործողությունները կակտիվացնի ոչ միայն վիճահարույց տարածքներում, այլև այնտեղ, որոնք համարվում էին Էրբիլի հսկողության տակ գտնվող տարածքներ։ Հավանաբար, քրդերը ստիպված կլինեն ավելի մեծ զիջումների գնալ»,– ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ Քիրքուկն ու Սինջարի մի մասն արդեն թողել են, իսկ դրանք քրդերի համար առանցքային նշանակություն ունեին։ Հավանաբար, քրդերը կփորձեն չեզոքություն պահպանել այն տարածքների վրա, որտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում, կարծում է փորձագետը։
Գրիգորյանը նշեց, որ քրդերը կփորձեն Բաղդադին համոզել բանակցությունների սեղան նստել` միջազգային կազմակերպությունների կոչ անելով հանդես գալ որպես միջնորդ։
Ինչ վերաբերում է Բաղդադին, ապա այն վճռական է տրամադրված, վիճահարույց տարածքների մի մասն արդեն անցել է կենտրոնական կառավարության վերահսկողության տակ։
«Մասնավորապես, Սիրիայի հետ սահմանին` Սինջարում, և ավելի հյուսիս գտնվող տարածքում Բաղդադը ցանկանում է քրդերին զրկել անցակետի վերահսկողությունից։ Իրաքի քրդերին սիրիական քրդերից անջատելու ծրագիրը, կարծես թե, արդեն նշմարվում է։ Այս փուլում ռազմական գործողություններ են ընթանում Սիրիայի հետ քրդերի վերահսկողության տակ գտնվող վերջին անցակետում, որը վիճահարույց տարածք չէր համարվում»,– ասաց Գրիգորյանը։
Այս պայմաններում Իրաքի հյուսիսում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին վտանգ է սպառնում, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Քրդստանի ավելի խորը տարածքների ներխուժում, հավանաբար, տեղի չեն ունենա։ Կողմերին մինչ այդ կստիպեն բանակցությունների սեղանի շուրջ նստել։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում թուրք–քրդական հարաբերությունների հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն, իր հերթին, նշեց, որ հանրաքվեի արդյունքների «սառեցումը», քրդերի առաջարկով, պետք է ուղեկցվեր իրաքյան զորքի դուրս բերմամբ վիճահարույց տարածքներից և բանակցային գործընթացի սկիզբ դառնար։
«Սակայն կենտրոնական իշխանությունները պահանջեցին հանրաքվեի արդյունքներն ամբողջությամբ չեղյալ հայտարարել։ Դե–ֆակտո, իշխանությունները տեղ են թողել բանակցությունների համար` իրենց ուշադրությունը սևեռելով միայն հանրաքվեից հրաժարվելու վրա և համաձայնելով մնացած երկու կետերի հետ»,– ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետը չի բացառում, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին այդպիսի քայլի կդիմի, հատկապես այն պայմաններում, երբ այլ քաղաքական ուժեր «նրան պատին են դեմ տվել»։
Բացի այդ, փորձագետը կարծում է, որ արտաքին ուժերին, հատկապես ԱՄՆ–ին, ձեռնտու է անկախ ինքնավարության գոյությունը, բայց ոչ քուրդ պետության ստեղծումը։
Ընդ որում, քրդերի և կենտրոնական իշխանությունների միջև առկա լարվածությունը, ինչպես Հովհաննիսյանին են հայտնում տեղի բնակիչները, չի ազդում քրիստոյա և այլ փոքրամասնությունների կյանքի վրա, այդ թվում` հայերի։ Նրանց պարզապես «արհամարհում են», և դա քրիստոնյաների համար առավել ընդունելի տարբերակ է։
«Իրաքյան ուժերը քրդերի դեմ պայքարի ժամանակ չեն անհանգստացնում քրիստոնյաներին և կողքով են անցնում»,– ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է հյուպատոսությանը, Հովհաննիսյանի խոսքով, ՀՀ նախագահը 3 տարի առաջ հրաման ստորագրեց այն բացելու վերաբերյալ, սակայն քաղաքական կապ այդպես էլ չհաստատվեց։
«Ես դա սխալ եմ համարում, քանի որ այնտեղ մենք մեծ համայնք ունենք։ Կան խնդիրները, որոնք պետք է լուծենք այնտեղ»,– ասաց Հովհաննիսյանը։
Այս պահին այնտեղ հյուպատոսություն բացել չարժե։ Հովհաննիսյանի խոսքով՝ Քրդստանում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող մյուս երկրները ժամանակավորապես փակում են դրանք։
Օրինակ, ռուսական հյուպատոսությունը մարդկանց չի ընդունում, թեև փակման մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։
«Այժմ նպատակահարմար չէ դա անել»,– ասաց Հովհաննիսյանը։
Բաղդադի և Իրաքյան Քրդստանի միջև հակամարտությունը թեժացավ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին քրդերն անկախության հանրաքվե անցկացրեցին, որոնց արդյունքները Իրաքը չի ճանաչել։ Հոկտեմբերի կեսերին իրաքյան ուժայինները գործողություններ սկսեցին վերականգնելու համար երկրի այն տարածքների վերահսկողությունը, որոնք զբաղեցրել են քուրդ զորամիավորումները։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։



