Հայկական ԱԷԿ

Ատոմակայանը փակելու փոխարեն կկառուցենք նորը. Հայաստանը գիտի իր անելիքը

129
(Թարմացված է 16:53 27.10.2017)
Հայաստանը ոչ միայն չի փակի ատոմակայանը, այլև նոր էներգաբլոկ կկառուցի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարվեց հայ և միջազգային փորձագետների համատեղ քննարկման ավարտին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ պահանջով Հայաստանի ատոմակայանը չի փակվի։ Այսօր Երևանում կայացած ՀՀ նախագահին կից գործող Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստից հետո հայտարարեց խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը։

«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Խոսքը ոչ թե հայկական ատոմակայանի փակման մասին է, այլ ՀԱԷԿ-ի առաջին բլոկի` շահագործումից հանելու։ Իսկ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ուղղությամբ, հակառակը` հիմա աշխատանքներ են տարվում, որ դրա աշխատանքի ժամկետը երկարաձգվի»,- ասաց Պետրոսյանը։

Նա հստակեցրեց, որ համաձայնագրում հիշատակվող ատոմակայանը 1976թ-ի շահագործման հանձնված առաջին էներգաբլոկն է, որի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի փետրվարին, բայց այն մինչ օրս շահագործումից չի հանվել և օգտագործվում է որպես ավազան, որտեղ կուտակվում է օգտագործված վառելիքի մնացորդը։

Միաժամանակ, Պետրոսյանի խոսքով, գործող էներգաբլոկի շահագործման լրացուցիչ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձելու են նաև նոր էներգաբլոկ կառուցել։ Բայց դրա համար Հայաստանը դեռ պետք է ֆինանսական աղբյուր գտնի։

Ինչ վերաբերում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն, այս գործընթացի ֆինանսավորումը ստանձնել է ՌԴ-ն` ՀՀ-ին տրամադրելով 70 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը նախատեսված 2017-ի փոխարեն կմեկնարկի 2019-2020թթ-ին։

Ինչ վերաբերում է 30 տարի շահագործված էներգաբլոկի հետագա շահագործման անվտանգությանը, խորհրդի անդամները լրագրողներին վստահեցրին, որ այն ոչ միայն 10, այլ նույնիսկ 20 տարի կարող է անվտանգ շահագործվել։

«1995թ-ից ի վեր ամեն տարի Հայաստան են գալիս բազմաթիվ միջազգային առաքելություններ` ՄԱԳԱՏԷ-ից կամ այլ կազմակերպություններից, որոնց հետ այցելում ենք ատոմակայան։ Այս առաքելությունները 100%-անոց երաշխիք չեն տալիս, բայց տալիս են խորհուրդներ ատոմակայանն անվտանգ շահագործելու ուղղությամբ»,- ասաց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը։

Վահրամ Պետրոսյանն էլ հավելեց, որ խորհրդի աշխատանքի նպատակն է նաև թափանցիկ դարձնել ՀԱԷԿ-ի աշխատանքն ու աշխարհին ներկայացնել դրա անվտանգ լինելը։

Երևանում այսօր կայացած ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մինչ այդ խորհրդի անդամներն այցելել են Մեծամորի ատոմակայան, ծանոթացել անվտանգության ապահովման, երկրորդ էներգաբլոկի շահագործման և առաջին էներգաբլոկի` շահագործումից հանելու ծրագրի ընթացքին։

Նշենք, որ անվտանգության խորհրդին անդամակցում են մասնագետներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից։

 

 

129
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը

26
(Թարմացված է 15:20 03.03.2021)
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են` Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

26
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, բայց նա կհեռանա՞
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

28
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

28
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

0
(Թարմացված է 15:43 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

0
թեգերը:
Հունաստան, Երկրաշարժ