ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Օրեր առաջ` հոկտեմբերի 19–ին, Հանրային խորհուրդը քննարկման էր դրել հասարակության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Բացի Հանրային խորհրդի անդամներից քննարկմանը մասնակցել են նաև պետական ու հասարակական կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:
ՀՀ Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ արդեն պատրաստ է իրենց եզրակացությունը, որի մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հանրային խորհուրդն արձանագրել է, որ օրենքի նախագծի նկատմամբ հանրային արձագանքն արտացոլում է այն իրողությունը, որ ընտանիքը հայկական արժեհամակարգի ամենակարևոր հիմնասյուներից մեկն է, որի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ փորձությունների: Հենց այդ պատճառով էլ հարցը պահանջում է մանրակրկիտ ու նուրբ մոտեցում: Մյուս կողմից, ընտանիքում կատարվող բռնությունը չի կարող չմտահոգել հասարակությունը, քանի որ առնչվում է ինչպես ընտանիքին, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքներին: Այս առումով, Հանրային խորհուրդը նույնպես դատապարտում է բռնությունը ընտանիքում՝ համարելով դա ոչ հարիր մեր ազգային մտածողությանը և գտնում է, որ անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով միջոցներ ձեռնարկել պայքարելու այդ արատավոր երևույթի դեմ:
Միաժամանակ, Հանրային խորհուրդը կիսում է հանրության այն մտահոգությունը, որ թերի օրենքի դեպքում, փորձելով լուծել որոշ ընտանիքներում առկա խնդիրը, կարող է վնաս հասցվել նաև առողջ ընտանիքներին և, առհասարակ, ընտանիքի ինստիտուտին:
Քննարկելով օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը մի շարք խնդրահարույց դրույթներ է նկատում:
Ցանկացած ընտանիք ունի որոշակի կանոններ ընտանիքում: Կա երեխաների դաստիարակության խնդիր, կան հնարավոր վեճեր, որոշակի ազատության կամավոր սահմանափակումներ ընտանիքի անդամների կողմից՝ ի շահ ընտանիքի ամրության ու պահպանման: Հետևաբար, օրենքի նախագծում բռնություն հասկացությունն ու դրա դրսևորումները պետք է ունենան հստակ ձևակերպումներ՝ տարանջատելով, օրինակ, բռնություն և հարկադրանք հասկացությունները, որպեսզի կողմնակի անձանց հնարավորություն չտրվի միջամտելու ընտանեկան բնականոն կյանքին:
Օրենքի նախագծում խնդրահարույց է նաև այն, որ ՀՀ ոստիկանությանը տրված է «անհետաձգելի միջամտության որոշում» կայացնելու լիազորություն առանց դատարանի որոշման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության և գործող մյուս օրենքների ու միջազգային նորմերի համատեքստում նման գործողությունները չեն կարող իրականացվել առանց դատարանի որոշման:
Օրենքի նախագծում հստակեցված չեն ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, վերահսկողության (այդ թվում և հասարակական վերահսկողության) հարցերը:
Օրենքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացման մեխանիզմները մեր իրականության պայմաններում թվում են անհնարին և կրում են ձևական բնույթ:
Կան նաև այլ մտահոգություններ, որոնք բարձրացվում են տարբեր մասնագետների կողմից և արժանի են քննարկման:
Հանրային խորհուրդը կարծում է, որ օրենքի հիմնավորման մեջ պետք է ձևակերպված լինի, թե հայկական ընտանիք ասելով՝ ինչ ենք հասկանում՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով Ընտանեկան օրենսգրքի դրույթներին:
Պետք է ներկայացվի սոցիոլոգիական հարցումների հիման վրա կազմված վիճակագրություն, թե ընտանիքների քանի տոկոսում է տեղի ունենում բռնություն, քանի որ գիտենք, որ ՀՀ ոստիկանության տվյալները չեն արտացոլում ողջ իրականությունը:
Պետք է ուսումնասիրվի նաև միջազգային փորձը՝ պարզելու, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքներ ընդունած երկրներում ինչ արդյունքներ են գրանցվել:
Հաշվի առնելով այս ամենը և չժխտելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ Հանրային խորհուրդը գտնում է, որ նախագիծը թերի է, իսկ հապշտապ ընդունումը՝ վտանգավոր:
Ուստի Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել օրենքի ընդունումը, կազմակերպել լրացուցիչ հանրային ու մասնագիտական բաց քննարկումներ, ամենայն մանրամասնությամբ վերանայել օրենքում առկա անորոշ ձևակերպումները, որոնք օրենքի ընդունման դեպքում կարող են չարաշահումների և խնդիրն այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն ստեղծել, կատարել խորքային ուսումնասիրություններ ու վերլուծություններ»:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։



