Գազ

Գազային դիլեմա Հայաստանի համար. ումի՞ց էժան գազ գնել

55
(Թարմացված է 09:04 27.08.2017)
Արման Վանեսքեհյան
Վերջին ժամանակաշրջանում կրկին շրջանառության մեջ մտավ իրանական գազի մասին խոսակցությունները։ Շատերի կարծիքով` Հայաստանը կենցաղային կարիքները բավարարելու համար գազ պետք է գնի հենց հարավային դաշնակից–հարևանից։

Փորձագետները կարծում են, որ Իրանից եկող գազատար խողովակը պիտի մի քանի անգամ ավելի հաստ լիներ, ինչը զգալիորեն կբարելավեր Հայաստանի իրավիճակը։

Մաթեմատիկա, որը հօդս է ցնդեցնում լեգենդները

Որպեսզի լեգենդները հօդս ցնդեն, շատ բան պետք չէ։ Ընդամենը մի քանի թվով կարելի է բացահայտել տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի գազային շուկայի իրական դրությունը։

Դեռ 2016 թվականի վերջին Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիր կնքվեց, որի համաձայն` ԵԱՏՄ գործընկեր երկրից գազը Հայաստան է հասնում արտոնյալ գնով` 1000 խմ —ի դիմաց 150 դոլար։

Համեմատության համար նշենք, որ Իրանը բնական գազը Թուրքիային է վաճառում 1000 խմ-ի դիմաց 400 դոլարով։ Տարբերություն զգալի է։

Հասկանալի է, որ Հայաստանի համար գինն ավելի էժան է` 1000 խմ-ի դիմաց 189 դոլար (իրանական գազը բնակչությանը կամ ձեռնարկություններին չի վաճառվում, դրանից էլեկտրաէներգիա են ստանում.- խմբ)։

Հայ-իրանական գազատարով օրական մեկ միլիոն խմ գազ է անցնում, որը էլեկտրաէներգիայի է վերածվում բացառապես Իրանի համար։ Բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է…

Գազն` իրանական, էլեկտրական հզորությունները` հայկական

Բանն այն է, որ Իրանի հյուսիսային շրջաններում լուրջ խնդիր կա` էլեկտրականության բացակայություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նավթ ու գազ տեղափոխել այնտեղ, բայց այդ հարստությունը էլեկտրականության վերածել չեն կարող անհրաժեշտ թվով վերամշակվող հզորությունների բացակայության պատճառով։

Փոխարենը փոքր Հայաստանն ունի այդ հզորությունները։ Չէ՞ որ ժամանակին` սոցիալիզմի օրոք, այդ հզորություններն այստեղ կառուցում էին` հաշվի առնելով Հայաստանում առկա արդյունաբերական, քիմիական արտադրություններն ու մի շարք այլ գործոններ… Այդ պատճառով էլ ժամանակին կառուցվեցին ՋԷԿ-երը, ՀԷԿ-երը (փոքր և մեծ) և տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը։

Այդ ամենի աշխատանքը դադարեցվեց 90-ականներից հետո, քանի որ երկրի տնտեսությունը ձեռքի մի հպումով պարզապես ջնջեցին… Մի ակնթարթում վերացան խոշոր սպառողները, բայց հզորությունները մնացին։

Եվ ստացվում է, որ իրանցիներին ձեռնտու է գազն էժան գնով վաճառելը, որպեսզի այն վերամշակվի, և 1 խմ-ի դիմաց սպառողին մատակարարվի 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Սա կոչվում է փոխշահավետ մաթեմատիկա։

Հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում խոսակցություններ են ծավալվում այն մասին, որ պետք է մեծացնել իրանական գազի մատակարարման ծավալները։

Իրանցիներն այս հարցում դեմ չեն։ Պատրաստ են սկզբի համար գոնե երեք միլիոն խմ գազ մատակարարել մեկ միլիոնի փոխարեն և համապատասխան քանակության էլեկտրաէներգիա ստանալ, այնուհետև մեծացնել ծավալները, բայց արդեն կանխիկ գումար ստանալ դրա դիմաց։

Փողը պետք է բոլորին

Իրանցիները գնային առումով չեն կարող մրցակցել «Գազպրոմի» հետ։ Չէ՞ որ նրանք հենց էլեկտրաէներգիա ստանալու համար են գազն այդքան ցածր գնով մատակարարում։ Մինչդեռ Ռուսաստանը 2017 թվականից Հայաստանին բնական գազ է մատակարարում ավելի արտոնյալ պայմաններով` 1000 խմ-ի դիմաց 150 դոլար։

Բացի այդ, Իրանի գազատարի թողունակությունը բավարար չէ օրական 3 մլն խմ գազ մղելու համար։ Այնպես որ հասկանալի չէ, թե ռուսական գազի հետ մրցակցող գնումների ինչ մեծ ծավալների մասին կարելի է խոսել։

Այլ հարց է, որ Իրանը կցանկանար Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր` իր գազը Վրաստանին մատակարարելու համար։ Վրացիներն էլ իրենց խնդիրներն ունեն` պակասում է հիմնական մատակարարումն Ադրբեջանից, իսկ Ռուսաստանը Հայաստան ուղարկվող գազի տարանցման համար գումար է վճարում…

Բացի այդ, Թբիլիսին ևս չի ցանկանում ամբողջությամբ կախված լինել ադրբեջանական գազից (ռուսականից նրանք հրաժարվեցին` ելնելով գաղափարական նկատառումներից)։ Սակայն վրացիները, ինչպես նաև հայերը դեմ չեն դառնալ տարանցիկ տարածք իրանական գազի համար։ Բայց այդ ամենը կապված է լուրջ խնդիրների և ֆինանսների հետ։

Ռուսական գազից էժանը չկա

Մեծ հարց է` արդյո՞ք Եվրոպան կսկսի Իրանից գազ գնել առաջարկվող գնով, եթե նույն Գերմանիային, օրինակ, Ռուսաստանի կապույտ վառելիքը վաճառում է 1000 խմ դիմաց 117 դոլարով։

Այնպես որ պետք չէ հավատալ այն բարձրագոչ հայտարարություններին, թե Իրանը Հայաստանին ավելի մատչելի գնով է բնական գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Ամենացածր գինը Ռուսաստանինն է։ Այլ հարց է, որ կապույտ վառելիքը թանկանում է արդեն բուն երկրի ներսում, սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին։

Դա էլ իր պատճառներն ունի։ Գնագոյացման վրա ազդում են սպառման փոքր ծավալները։ Այդ պատճառով գազը սպառողին է հասնում մի քանի անգամ թանկ գնով։ Ենթակառուցվածքն է այդպիսին, և դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ։ Թեև «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն (այսպես են նրան անվանում բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները) այնքան ջանք պետք է գործադրեր, որ գինը շոշափելիորեն նվազեցներ և ոչ թե 5 տոկոսով, որը չերևաց բնակչության աչքին։ Հատկապես երևանյան ցուրտ ձմեռների ժամանակ։

Սպառման փոքր ծավալներն էլ պայմանավորված են այն հանգամանքով, որ երկրում գրեթե ամբողջությամբ բացակայում է արտադրությունը։ Իսկ դրա համար շնորհակալություն հայտնեք նրանց, ովքեր 90-ականների սկզբին նպատակաուղղված քանդեցին տնտեսությունը` գործարանները, պաշտպանական նշանակության ձեռնարկությունները և այլն։ Սակայն սա արդեն բոլորվին այլ և շատ տխուր պատմություն է։

Русская версия

55