Կարեն Կարապետյանը՝ Գեղարքունիքի մարզում

Վարչապետը զգուշացրել է Բոթոյանին՝ մարզի սեփական եկամուտների աճն ամենացածրն է

61
(Թարմացված է 11:47 26.08.2017)
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկման առանցքում է եղել մարզի և համայնքների զարգացման ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի-Sputnik. Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Այս մասին ասված է կառավարության պաշտոնական կայքէջում: 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է 31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարեն Բոթոյանի խոսքով՝ մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016-ին մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 153 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 660 հազ․100 դրամ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 56 մլն 600 հազ․ դրամի չափով։ Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 6-ը։

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզն այդ առումով ունի ամենացածր նշաձողը և ընդգծել, որ այստեղ առկա է հավաքագրումների կարգապահության խնդիր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2017 թվականի համար մարզի համայնքների սեփական եկամուտների աճը նախատեսվում է 9 տոկոս, այն դեպքում, երբ մյուս մարզերում այդ թիվը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում:

«Մեր բոլոր համայնքապետերը պետք է հստակ իմանան, չի կարող լինել այնպես, որ հանրապետական բյուջեով եկամուտները հավաքագրվեն 100 տոկոսով և ըստ նախատեսվածի հատկացումներ կատարվեն համայնքներին, իսկ վերջիններս ինչպես ցանկանան հավաքագրեն, պլանավորեն», — նշել է Կարեն Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացն իրականացվելու է կոշտ հսկողության ներքո:

 

61