Մամուլ

Մամուլ. Կարեն Կարապետյանի թուրքմենական ծրագիրը, «Ելք»-ի ելքն ու անկազմակերպները Խոսրովում

32
(Թարմացված է 09:56 26.08.2017)
Ինչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է օգոստոսի 26-ի մամուլի տեսությունը:

Հայկական ժամանակ. «ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունները ամրապնդում են անձնական կապերը»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններն էլ զուտ արարողակարգային էին:

Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց Թուրքմենստան, ինչի մասին ևս զուտ արարողակարգային բնույթի պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին:

Խնդիրն այն է, որ գազի պաշարներով հարուստ Թուրքմենստանը ցանկանում է իր տարածքում ավտոմեքենաները համատարած անցկացնել գազի, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ երկրի տարածքը պատել գազալցակայաններով: Դա բավական թանկ ծրագիր է, ու Կարեն Կարապետյանը փորձում է իրեն փոխկապակցված ընկերություններով վերցնել այդ պատվերի մի զգալի մասը: Բացի դրանից, ակնկալվում է, որ ավտոմեքենաները գազային վառելիքի սարքավորումներով համալրելու գործում կներգրավվեն նույն ընկերությունները»:

Հրապարակ. ««Ելք»-ի անդամները գաղափարապես հեռացել են իրարից»

««Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները, որ նախընտրական փուլում խոստացել էին մեկ կուսակցություն դառնալ, քանի որ նախընտրա¬կան դաշինքները, որպես կա¬նոն, հետընտրական շրջանում քանդվում են, այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չեն արել: Ավելին՝ կարծես գաղափարական առումով նրանք ավելի են հեռացել միմյանցից, քան ընտրությունների շրջանում էին: Երեկ տե¬ղեկացանք, որ նրանք փակել են Տերյան փո¬ղոցում գտնվող «Ելք» դաշինքի գրասենյակը և առանձին գրասենյակներ վարձել:

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագի¬րը», օրինակ, գրասենյակի տարածք է վարձել Խորենացի-Մաշտոցի փողոցների միացման հատվածում՝ Պետեկամուտների կոմիտեի շենքի հետնամասում: Իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ձեռնամուխ է եղել քաղաքական դպրոց հիմնելու գործին, որտեղ մյուս երկու գործընկերները ներգրավված չեն»,-գրում է թերթը:

Առավոտ. «Մեծամասնությունը կարծում է, որ Խոսրովի հրդեհաշիջման աշխատանքները անկազմակերպ էին»

Aravot.am իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնհատում Արտավանի և Խոսրովի անտառների հրդեհաշիջման աշխատանքները:

Հարցման մասնակիցներն ունեին պատասխանի 5 հնարավորություն, «սարսափելի վատ: Անտառ չմնաց», «վատ, անկազմակերպ էին աշխատում», «նորմալ, ինչքան հնարավորությունները ներում էին, դրա սահմաններում աշխատեցին», «շատ լավ, պարզապես, մարդիկ միշտ դժգոհ են», «լավ, ամեն ինչ արվում էր, որ արագ հանգցնեն հրդեհը, բայց հանգամանքներն ավելի զորեղ էին»:

Հարցման մասնակիցներից ոչ-ոք շատ լավ չի գնահատում հրդեհաշիջման աշխատանքները, հարցվածների տասը տոկոսը լավ է գնահատում: 13 տոկոսը՝ նորմալ, 34 տոկոսը՝ սարսափելի վատ:

Հարցվածների մեծամասնությունը՝ 43 տոկոսը, աշխատանքները գնահատում է վատ՝ անկազմակերպ էին աշխատում:

 

32