ԻԼ-76

Որտեղից և ինչպես է լիցքավորվում «ԻԼ-76»- ը, և ինչու են էվակուացվել անգամ փրկարարները

1668
(Թարմացված է 14:13 15.08.2017)
Ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին արդեն երրորդ թռիչքն է իրականացնում «Խոսրովի անտառում»` Հայաստանի պատմական հարստություններից մեկը կրակի ճիրաններից փրկելու համար: Փրկարար ինքնաթիռը երեք անգամ` 40–ական տոննա ջրով լիցքավորվել է:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Աննա Վարդանյան. «Առավոտյան ժամը 7-ի սահմաններում նախարարը ռուսական կողմի հետ ուղղաթիռով օջախների հետազոտություն անցկացրեց: Արդեն 8:50-ի սահմաններում, երբ հետախուզական թռիչքից վերադարձան ու որոշեցին, թե որ օջախների վրա պետք է ջրալցում անեն, ԻԼ-76 ինքնաթիռն անցավ գործի: Այս պահին արդեն երրորդ թռիչքն է կատարում»,– Sputnik Արմենիային տեղեկացրեց ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

Նրա խոսքով`«ԻԼ-76»-ը  ջուր է վերցնում ոչ թե Սևանից կամ ուրիշ ջրամբարներից, այլ  հենց «Էրեբունի» օդանավակայանից:

«Մենք ջրատարներով ջուրը հասցրել ենք Էրեբունի օդանավակայան, որտեղ վայրէջք էր կատարել ռուսական ինքնաթիռը: «ԻԼ-76»-ն այն ինքնաթիռներից չէ, որ կարողանա լճերից կամ ջրամբարներից միանգամից թռիչքի պահին ջուր վերցնել: Երեկվանից ջրատարները տարել էինք Էրեբունի, որպեսզի վայրէջքից հետո միանգամից լիցքավորվի ու թռնի»,–ասաց Գնդոյանը:

«Ռուս փրկարարը» լիցքավորվում է ամեն թռիչքից առաջ:

Նանա Գնդոյանի տեղեկացմամբ`անվտանգության պահանջներից ելնելով  նաև մարդկանց են էվակուացրել, որպեսզի ջրի հոսքի տակ չմնան և վնասվեն: Խոսքը վերաբերում է ԱԻՆ,  ՊՆ աշխատակիցներին, ոստիկանության ծառայողներին, կամավորներին, բնապահպաններին, անտառտնտեսության աշխատակիցներին և բոլոր նրանց, որոնք ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում:

Եվս մի քանի թռիչք կգործի «Հրշեջ ինքնաթիռն» ու հետո կերևա արդյունքը։ ԱԻՆ աշխատակցի խոսքով`այս պարագայում կանխատեսում անելը մի փոքր դժվար է:

1668