Կարեն Կարապետյան

Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթություններից է. վարչապետ

9
(Թարմացված է 17:01 01.08.2017)
Հանրապետական գործադիր մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ կառավարության կողմից հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի —Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության գործունեության հիմնական ուղղություններից և առաջնահերթություններից մեկն է:

«Դա բնական է, քանի որ մեր երկրի Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը պետական իշխանության առանցքային պարտականություններից է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, հանրապետական գործադիր մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ կառավարության կողմից 2017 թվականի մայիսի 4-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը, որում սահմանված են 96 գործողություն և յուրաքանչյուր գործողության իրականացման հստակ ժամանակացույցը, չափանիշները, ակնկալվող արդյունքը և պատասխանատու մարմինները: Բացի դրանից, ծրագրի մշտադիտարկման և համակարգման նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է կառավարության տարբեր օղակների և պետական մարմինների ներկայացուցիչներից:

«Համակարգող խորհուրդն ամեն եռամսյակ կկազմակերպի քննարկումներ, որոնց ընթացքում կներկայացվեն գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները: Կարևոր եմ համարում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգող խորհրդի կողմից կիսամյակային կտրվածքով հանրային քննարկումների կազմակերպումը: Այդպիսի քննակումները կարող են արդյունավետ հարթակ հանդիսանալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ծրագրի ընթացքի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնելու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս ծրագրի սահմանված ժամկետներում իրագործումը գտնվելու է ՀՀ կառավարության և իր ուշադրության կենտրոնում:

Նիստի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները և հետագա քայլերը:

 

9